Նորություններ

«Երբ դարպասդ բաց է, ով ասես՝ կմտնի քո տարածք, և եթե չես դիմադրում, ամեն ինչն էլ կխլեն ձեռքիցդ». Նորաբակի գյուղապետ

Նորաբակի գյուղապետի խոսքերով՝ երբ Քարվաճառը մեր վերահսկողության տակ էր, թշնամին անգամ չէր համարձակվի նայել իրենց գյուղի կողմը, երբ դարպասդ բաց է, ով ասես՝ կմտնի քո տարածք, և եթե չես դիմադրում, ամեն ինչն էլ կխլեն ձեռքիցդ:

«Պատերազմից հետո մեր կյանքը 360 աստիճանով դեպի վատն է փոխվել, GPS են ասում, ինչ  են ասում, դրանով որոշում են՝ էս տարածքը մերն է, էն տարածքը մերն է: Ոնց կարող է լավ  լինել, երբ դեմ դիմացդ թուրքն է և ամեն ինչ անում է, որ քո սովորական կյանքը բարդանա: Մարդիկ սպասում են, չգիտեմ, պիտի որ մի բան փոխվի, էսպես չի կարող շարունակվել: Հասկանո՞ւմ եք, թուրքի հետ սահմանը հասել է մեր տներին, իրենք իրենց հողի տեր են զգում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանը:

Ասատրյանի խոսքով՝ նախկին սահմանը 7-8 կմ էր, իսկ հիմա մոտավորապես 2 կմ է:

«Մեր արոտավայրերն ու խոտհարքերը նրանց վերահսկողության տակ է, այսինքն՝ լիարժեք չենք կարող կատարել մեր աշխատանքները: Գյուղում վերջին անգամ հունվարի 11-ին են լսվել կրակոցի ձայներ, բայց էդ էլ մարսեցինք, էդ էլ սովորական բան դարձավ:

Էս ամառ մի կերպ, ձգելով կարողացանք յոլա գնալ, բայց էսպես չի լինում, այս ամառ  չեմ էլ պատկերացնում՝ ոնց պիտի կազմակերպենք մեր աշխատանքները, ինչ ենք անելու: Մարդիկ խոտ են քաղում, մեկ էլ թուրքը գալիս կանգնում է ու ասում՝ հետ գնա, էս մեր տարածքն է:

Մարդիկ չեն բարձրանում արոտավայրեր, թե որքան այս ամենը կտևի, ես չեմ կարող ասել, ղեկավարներն էլ տեղից  չեն շարժվում, ես ի՞նչ կարող եմ անել»,- ասում է Վազգեն Ասատրյանը:

Նորաբակի գյուղապետի խոսքով՝ ամենաբարձր տեղերը ադրբեջանցիներն են, իրենց զբաղեցրած տարածքներում իրենց համար պայմաններ են ստեղծում:

«Ինչքան առաջ են եկել, էդ հատվածի ճանապարհն են սարքել, ինչ-որ բունկերներ, բլինդաժ են սարքել: Գյուղից պարզ  երևում են թշնամու դիրքերն ու տեղաշարժը. մենք տեսնում ենք, որ նրանք ինչ-որ բան են սարքում»,- նշեց Ասատրյանը:

Նրա խոսքերով՝ երբ Քարվաճառը մեր վերահսկողության տակ էր, թշնամին անգամ չէր համարձակվի նայել իրենց գյուղի կողմը: Ասում է՝ երբ դարպասդ բաց է, ով ասես՝ կմտնի քո տարածք, և եթե չես դիմադրում, ամեն ինչն էլ կխլեն ձեռքիցդ:

 

Անահիտ Չալիկյան

Back to top button