ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններՏնտեսական

«Հերթական անգամ սպառողի ուսերին է դրվում մոնոպոլիստների վարկային միջոցների և դրանց տոկոսների վերադարձը»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդաշարի հյուրն է Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը։  Ըստ փորձագետի՝ ամենուր հանրային ծառայությունների թանկացումներ են տեղի ունենում, սակայն խնդիր է, որ Հայաստանում բացակայում է թանկացումները կարգավորող գործիքակազմը, որը և թույլ կտար խուսափելու կտրուկ թանկացումներից։

Պետությունը պետք է կարգավորի գնագոյացումը, և Հայաստանում էլ կա այդպիսի մարմին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որի գործառույթն է մոնոպոլ սակագների հսկումը, ինչը, ըստ Գրիգորյանի, ցավոք, հանձնաժողովը չի իրականացնում։

«Հանձնաժողովը պետք է հավասարակշռի սպառողի և մոնոպոլիստի շահերը, սակայն քանի որ սպառողի պաշտպանության որևէ մեխանիզմ չկա, առաջնային է բացառապես մոնոպոլիաների շահերը, իրենք են, որպես կանոն, հանդես գալիս գների փոփոխության առաջարկներով և, որպես կանոն, հասնում են իրենց բավարարող արդյունքի։ Նախապես շատ բարձր գին է ներկայացվում, իսկ վերջնական արդյունքում հաստատվում է մոնոպոլիստին բավարարողը։ Էլեկտրականության սակագնի բարձրացման նախաձեռնությամբ հանդես չի եկել և ոչ մի կառույց, դա հենց Հանձնաժողովի  նախաձեռնությունն է։ Հերթական անգամ սպառողի ուսերին է դրվում մոնոպոլիստների վարկային միջոցների և դրանց տոկոսների վերադարձը»,-նշեց Գրիգորյանը։

«Գազի թանկացման դեպքում որպես փաստարկ է ներկայացվում գնվելիք գազի ավելի բարձր կալորիականությունը։ Սակայն հարցեր են ծագում․ ինչպե՞ս է վերահսկվելու գազի կալորիականությունը, ի՞նչ շոշափելի առավելություն դա կտա սպառողին և, վերջապես, արդյոք մեր հանրությունը, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական պայմանները, ավելի շահագրգռված չէ նախորդ կալորիականությամբ գազի պահպանմանը։ «Վեոլիա ջուր» ընկերության փաստարկը՝ կապված ջրային կորուստների հետ, անհիմն է։ Թեև ակնհայտ է, որ ջրային կորուստները Հայաստանում շատ մեծ են, սակայն «Վեոլիա ջուր» ընկերության գործունեության հետ դա որևէ կապ չունի, քանի որ Հայաստանի ջրային պաշարները իր բալանսին չեն, ընկերությունը շահույթը հաշվարկում է միայն սպառողին հասցրած ջրի քանակությամբ։ Առավել ևս, որ որևէ ակնհայտ ջանքեր այդ կորուստները նվազեցնելու ուղղությամբ չեն արվում։

Որևէ քայլեր՝ մոնոպոլիստների կառավարումը բարելավելու, ծախսերը բալանսավորելու, արդյունավետությունը բարձրացնելու, չեն իրականացվում. այդ ամենի համար վճարում է սպառողը։ Բարեփոխվելու խթանիչներ չկան»։

Back to top button