«Քովիդ-շոուն ընդամենը պատրվակ էր Հայոց բանակի 30-ամյակն արժանվույն չտոնելու համար». Ն. Զոհրաբյան
«Ակնհայտ է, որ այս քովիդ-շոուն ընդամենը պատրվակ է ըստ արժանվույն չանելու այն, ինչ պետք է անեին երկրի առաջին դեմքերը (լինել դիրքերում զինվորների հետ, լինել Արցախում): Այնպես որ, սա պատրվակ էր խուսափելու Հայոց բանակի 30-ամյակը արժանվույն չտոնելու համար»

«Վստահաբար Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումների չեղարկման իրական պատճառն այն է, որ Հայաստանի իշխանություններին այլևս թույլատրված չէ արժևորել և հզորացնել Հայոց բանակը: Եվ պատահական չէ, որ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր բանակը այլևս չի լինելու նվաճողական, այլ լինելու է խաղաղասիրական: Եթե մենք համադրում ենք փաստերը, Ալիևի վերջին հայտարարությունը, որ Հայաստանը այլևս չպետք է ունենա կայուն և ուժեղ բանակ, ապա ակնհայտ է, որ այս քովիդ-շոուն ընդամենը պատրվակ է ըստ արժանվույն չանելու այն, ինչ պետք է անեին երկրի առաջին դեմքերը (լինել դիրքերում զինվորների հետ, լինել Արցախում): Այնպես որ, սա պատրվակ էր Հայոց բանակի 30-ամյակն արժանվույն չտոնելու համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով բանակի 30-րդ հոբելյանական միջոցառումների չեղարկմանը:
Զոհրաբյանի խոսքով՝ մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկն էր, և դրա վկայությունն էր 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը:
«Ադրբեջանական կողմը ինքն էր դիմել ռուսական կողմին, որպեսզի միջնորդի Հայաստանին քառօրյա պատերազմը դադարեցնելու համար:
Բանակից ոչինչ չմնաց այն ժամանակ, երբ բանակը վերածեցին «կլուբնիկի», «լանչի» բանակի: Սկսեցին բանակի ու զինվորի հոգեբանությունը կոտրել, հրամանատարներ էին նշանակում մարդկանց, ովքեր բանակի հետ բացարձակապես կապ չունեին: Հեղափոխությունից հետո սկսվեց անբարո երթ բանակի նկատմամբ, զինվորին ասացին, որ կարող ես քո սպայի վրա գրել, զինվորը կարող է սպային ապտակել, և դա ներկայացնում էին որպես հերոսություն:
Բանակը կազմաքանդեցին և բարոյալքեցին, և բնականաբար կազմաքանդումից և բարոյալքումից պարտություն մեկ քայլ է:
Մենք մեզ երբևէ հարց չենք տվել, թե ինչու 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք գերեվարված զինվորներ չունեինք, չտեսանք զենքը վայր դրած և հանձնված զինվորների, բայց այսօր, ցավոք սրտի, մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցանք գերիներ, և ես, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց միևնույն ժամանակ չեմ բացառում, որ այն ռազմագերիները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, իհարկե ոչ բոլորը, բայց որոշները կարող էին չհանձնվել գերի»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված, եւ բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։
ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝այս իշխանության հետ հնարավոր չէ իրականացնել բարեփոխումներ, որովհետև նրանց օրակարգն այլ է:
«Նրանք իրենց մեսիջներում հստակ ասում են, որ մեր բանակը իր առջև այլևս խնդիր չի դնելու, օրինակի համար, վերադարձնել Արցախի 75% գրավյալ տարածքները, որոնք հանձնվել են 44-օրյա պատերազմի արդյունքում:
Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղասիրական, սպիտակ դրոշ պարզած բանակի մասին և չի նշում այն թիրախները, կամ ինչ խնդիրներ պետք է բանակի առջև դրվեն:
Այդ խնդիրներից մեկը պետք է լիներ պատերազմում կրած պարտության արդյունքների հետ չհաշտվելը և բանակը հզորացնելը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Եթե Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելու է խաղաղության պայմանագիր, և Ադրբեջանի հստակ նախապայմաններից մեկն էլ այն է լինելու, որ Հայաստանը պետք է մոռանա Արցախի մասին, բանակի մասին, որը իր առջև խնդիր է դնելու վերադարձնել Արցախի գրավյալ տարածքները, ի՞նչ բանակի վերազինման մասին կարող է խոսք լինել:
Կարող են ինչ-որ պրոտոկոլային բաներ լինել «գալչկա» դնելու համար, որ տեսեք՝ բանակ ունենք»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Անահիտ Չալիկյան