Նորություններ

«Որոշեցինք իմ տղայի «տան» դիմաց նրա կիթառով արձանը տեղադրել, որ ամեն անգամ Մոսկվայից գամ, նստեմ կողքին, հանգստանամ…». Արտյոմը կդառնար 22 տարեկան

ՌԴ-ում ծնված ու մեծացած հայ երիտասարդի տաղանդը սահմաններ չուներ, սակայն նրա երազանքներն ընդհատեց 44-օրյա պատերազմը. հունվարի 26-ին Արտյոմ Հակոբյանը կդառնար 22 տարեկան:

Հունվարի 26-ին Արտյոմ Հակոբյանը կդառնար 22 տարեկան… Համեստ, խելացի, երաժշտական ու դերասանական ձիրքերով օժտված շնորհալի անհատականություն. այսպիսին կմնա Արտյոմն իր ընկերների, հարազատների, ուսուցիչների ու ծանոթների հիշողություններում: Ռուսաստանի Դաշնությունում ծնված ու մեծացած հայ երիտասարդի տաղանդը սահմաններ չուներ, սակայն նրա երազանքներն ընդհատեց 44-օրյա պատերազմը:

Արտյոմի մայրը՝ Գոհար Հակոբյանը, Մոսկվայից Գյումրի է եկել մի քանի օրով, որդու ծննդյան օրվա կապակցությամբ: 1 տարուց ավելի է, Արտյոմը կողքին չէ, բայց լուսավոր որդու մասին հիշողությունները միշտ թարմ են:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է՝ իրենց ընտանիքն ապրել է Մոսկվայից ոչ հեռու՝ Շիշկին լես կոչվող բնակավայրում: Արտյոմն այնտեղ է ծնվել, չարաճճի չէր, խելացի էր, մանկապարտեզն ավարտելուց հետո սկզբում տեղի արվեստի դպրոցի ակորդեոնի, այնուհետ դաշնամուրի դասարանն է հաճախել: Առաջին կիսամյակը մի կերպ, համոզելով, խնդրելով է անցել, մոր պատմելով, որդին ամեն օր գալիս ասում էր. «Мам, опять двойка» (Մայրիկ, նորից 2): Իսկ 2-րդ կիսամյակից արդեն տղան սիրեց դաշնամուրը ու տարվեց թատերական արվեստով:

«Թատերական, նաև պարի խմբակներ էր հաճախում»,-ասում է մայրը: Իրենց դասարանում 4 հայ երեխաներ կային, մյուսները ռուսներ էին: Ես միշտ գլուխս բարձր եմ քայլել մեր բնակավայրում, անընդհատ շնորհակալություն էին հայտնում, որ Արտյոմի պես շնորհալի որդի ունեմ: Նա հետո թողեց պարը ու իրեն ամբողջությամբ նվիրեց բեմին: Ես նույնիսկ խնդրում էի իրեն, որ դուրս գա թատերական խմբակից, չէի ուզում, որ դերասան դառնա: Ինքն ասում էր. «Մա՛մ, դա իմ երազանքն է: Ուզում եմ ուսուցչուհուս՝ Ֆաթիմա Ստեփանովնա Ղազեևայի կոլեգան դառնալ»: Թատերական խմբակին զուգահեռ, Արտյոմը նաև կիթառի դասերի էր հաճախում, շատ լավ կիթառ էր նվագում: Արվեստի դպրոցում Արտյոմը սովորել է մինչև 11-րդ դասարանը: Մոր խոսքերով՝ Արտյոմը, ում ընկերները Տյոմա էին ասում, բազմաթիվ երաժշտական ու թատերական մրցույթ-փառատոնների է մասնակցել ու բոլոր մրցույթներում գրավել առաջին տեղը, բացառությամբ մեկի, որը շատ ավելի բարդ էր, ու նրան շնորհվել էր 3-րդ տեղի համար մրցանակը: Արտյոմի մայրը առանձնահատուկ կերպով է հիշում որդու մասնակցած մրցույթներից մեկը:

«Նա 16 տարեկան էր, մի օր եկավ տուն, ասաց, որ ուսուցչուհին հանձնարարել է հայերեն մի այնպիսի երգ սովորել, որ հանդիսատեսը նստած քարանա: Ասացի՝ Արտյոմ ջան, չնեղանաս, դու հայերեն երգել չես կարողանա, որովհետև հայերեն խոսել չգիտես: Ու հետո հայկական երգերը կատարելը շատ բարդ է:  Պատասխանեց. «Ինչպե՞ս է, որ դու և հայրս կարողանում եք հայերեն խոսել, իսկ ես չեմ կարողանա, ու նաև, ուսուցչուհիս ասել է, որ ես կարող եմ: Այդ օրերին Հայաստան պետք է գայինք, որ Արտյոմը անձնագիր ստանար: Ինքը հայերեն չէր խոսում, հայերենը սովորեց բանակ զորակոչվելուց առաջ: Ես սկզբում ասացի. «Տյո՛մ ջան, արի սովորիր «Հայրենիքի ջուրը» երգը, ասաց՝ բառերը դժվար է մտապահելը, չեմ կարողանա: Որոշեց. «Մա՛մ ջան, «Դլե յամանը» պիտի սովորեմ»։ Ասացի՝ ես չեմ ուզում, որ դու այդ երգը սովորես: Ասաց. «Ուզես-չուզես, պիտի սովորեմ ու այդ մրցույթին պիտի մասնակցեմ»: Մրցույթը Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների 30 դպրոցների աշակերտների միջև էր»։

2016 թվականին Արտյոմն ու մայրը 5 օրով եկել են Հայաստան, մայրն է պատմում, որ մի քանի մանկավարժների էին դիմել, որ սովորեցնեն Արտյոմին երգել «Դլե յամանը», ոչ մեկը չէր համաձայնել՝ ասելով, թե նա չի կարողանա: Արտյոմը վիրավորվել էր ու ճանապարհին երթուղային տաքսու միջից տեսել էր «Գոհար» երաժշտանոցը, որի մասին լսել էր: Իջել էր երթուղայինից ու գնացել այնտեղ իրեն դասատու փնտրելու: Մանկավարժ գտել էր, ով իմանալով, որ Արտյոմն այսքան երկար ճանապարհ է կտրել ու եկել երգը սովորելու, համաձայնել էր սովորեցնել, թեև դրա համար ընդամենը 4 դասի ժամանակ կար:

Արտյոմի մայրը չգիտի մանկավարժի անունը, ով սովորեցրել էր տղային երգը: Իսկ տարազն Արտյոմն էր ընտրել հենց Գյումրիում: Նրանց Մոսկվա վերադառնալու հաջորդ օրը ևեթ Արտյոմը մասնակցել էր մրցույթին ու առաջին տեղը գրավել: Նրա կատարմամբ «Դլե յամանը» իրոք գերել էր հանդիսատեսին:

Մայրն է հիշում, որ մի քանի անգամ իրեն անծանոթ մարդիկ են զանգել ու շնորհակալություն հայտնել, որ Արտյոմի շնորհիվ իրենց դպրոցը առաջին տեղն է գրավել երաժշտական մրցույթներում: Կիթառով նրա կատարումները նույնպես մրցանակի են արժանացել: Մայրն էլ անընդհատ շնորհակալություն էր հայտնում Աստծուն Արտյոմի նման որդի իրեն պարգևելու համար: Ասում է՝ մրցույթներից մեկի ժամանակ էլ Արտյոմին չեն թողել մասնակցել, ասել են՝ ինքը մանկավարժ է, ոչ աշակերտ: Նա ստիպված է եղել ծննդյան վկայականը ներկայացնել կազմակերպիչներին: Երգում էր նաև անգլերեն:

Մեծ էր շնորհալի երիտասարդի ծանոթների ու բարեկամների զարմանքը այն ժամանակ, երբ նա ընդունվեց Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի (ГИТИС) էստրադային բաժինը, անվճար ուսուցմամբ, թեև ցանկություն ուներ ընդունվել ռեժիսուրայի բաժին: Քննություններին, մայրն է ասում, որ Սերժ Թանկյանի, Ադրիանո Չելենտանոյի և այլ հայտնիների կերպարներն էր կերտում ու նրանց երգերը երգում: 2-րդ կուրսն ավարտելուց հետո էլ համակուրսեցիների հետ Արտյոմը պետք է Գերմանիա մեկներ: Բայց գերադասեց իր պարտքը տալ հայրենիքին ու եկավ Հայաստան, զորակոչվեց բանակ: Արտյոմը բանակում հայկական շատ երգեր էր սովորել՝ «Բարի արագիլը», «Կռիվ ենք գնում եղբայրս ու ես»: Դրանք ձայնագրել էր սկավառակով ու մայրիկին ուղարկել, որ լսի:

«1 տարի 3 ամսվա ծառայող էր Արտյոմը, երբ սկսվեց պատերազմը: Նա Ջաբրայիլում էր ծառայում: Պատերազմի ընթացքում որդիս 33 օր անընդմեջ զանգել է ինձ, մի օր չի տրտնջացել, մի օր չի տխրել, մի օր արցունքով հետս չի խոսել,- ասում է մայրը: -Մենակ հարցնում էր, թե երբ է պատերազմը վերջանալու, ինչ են ասում լրատվամիջոցները: Նաև պատմել էր, որ Ջաբրայիլից սարերով եկել, հասել էր Հադրութի դպրոց: Թե ինչ եղավ հետո, այդպես էլ չիմացանք»,- ասում է մայրը:

2020 թվականի հոկտեմբերի 28-ից հետո տղան չզանգեց: 2021-ի հունվարին Արտյոմի ընտանիքին հայտնել էն, որ հոր ԴՆԹ-ի հետ համընկնում է եղել, դրանով հաստատել էին, որ տղան զոհվել է: Արտյոմից ոչ մի մասունք մորը չի հասել: Գոհար Հակոբյանն ասում է՝ գոնե հեռախոսը տային, որ նրա վերջին նկարները տեսներ: Արտյոմն իրեն ասել էր, որ հեռախոսով նկարահանումներ է արել ու երբ վերադառնա Մոսկվա ու ուսումը շարունակի բուհի ռեժիսորական բաժնում, անպայման ֆիլմ կնկարահանի 44-օրյա պատերազմի ու իր ընտանիքի ապրումների մասին:

Մոր խոսքերով՝ իրենք հարուստ արխիվ ունեն Արտյոմի կատարումներով, դրանք խնամքով պահում են, ինքն ու դուստրը չեն հավատում, որ Արտյոմն այլևս կենդանի չէ, սպասում են, որ նա մի օր հրաշքով տուն է գալու ու իրենց մեծ անակնկալ է անելու, ինչպես բուհ ընդունվելիս: Արտյոմն ամեն անգամ զանգելիս մորն ասել է, որ եթե մահացածների ցուցակում նույնիսկ իր ազգանունը տեսնի, չհավատա, որ ինքն այլևս կենդանի չէ:

Մայրն այդպես էլ անում է, Արտյոմի շիրմաքարը նրա տունն է համարում, ծննդյան օրն էլ գերեզմանի կողքին տղայի հուշարձանը տեղադրվեց. նստած՝ կիթառ նվագելով: Կիթառ նվագելն, ասում է մայրը, նրա ամենամեծ երազանքն էր:

«Արտյոմս երբ տուն էր մտնում, առանց լվացվելու կիթառը ձեռքն էր վերցնում ու 5 րոպե իր ուզած մեղեդին նվագելուց հետո միայն նստում հաց ուտելու: Որոշեցինք իմ տղայի «տան» դիմաց նրա կիթառով արձանը տեղադրել, որ ամեն անգամ Մոսկվայից գամ, նստեմ կողքին, հանգստանամ…»:

 

Կարինե Կազարովա

Back to top button