ՆորություններՍպորտ

Տրանսֆերային անցուդարձ N3․ Մխիթարյանը կհեռանա Ռոմայից, Բաբայանը վերադարձավ Դանիա, Պեպին վերջապես տեղափոխվեց Եվրոպա

Եվրոպական շատ առաջնություններում տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է ընդամենը մի քանի օր, և շատ ակումբներ փորձում են իրենց կադրային խնդիրները լուծել որքան հնարավոր է շուտ։

Այսօրվա մեր նյութը ավանդաբար կսկսենք հայ ֆուտբոլիստներին վերաբերող նորություններից, իսկ հետո կանդրադառնանք եվրոպական տրանսֆերային անցուդարձի գլխավոր իրադարձություններին։

Այս շաբաթ իտալական մամուլը հեղեղվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ մեկ լուրով․ ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա «Ռոմայից»:

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 22 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը»։ Թե որտեղ է շարունակելու կարիերան Հենրիխը՝ դժվար է կանխատեսել, այնպես որ առաջիկայում սպասվում են բազմաթիվ նորություններ և վարկածներ ֆուտբոլիստի կարիերայի ապագայի վերաբերյալ․ Մխիթարյանի տրանսֆերը նոր ակումբին կհասնի անվճար, այդ իսկ պատճառով առաջիկայում նա կդառնա շատ ակումբների համար տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը։ Բայց մեր կարծիքով, դա տեղի չի ունենա այս ձմեռ․ «Ռոմայում» հասկանում են, որ հայ ֆուտբոլիստին արժանի փոխարինող գտնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը շատ դժվար կլինի․․․

Սպասվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ևս կլքի Ղազախստանի առաջնությունը։ Լուրեր էին շրջանառվում, որ նա կարող է տեղափոխվել ռուսական կամ արևելաեվրոպական թիմերից որևէ մեկը, սակայն օրեր առաջ «Աստանան» հայտարարեց Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Դե ինչ, Ղազախստանի առաջնությունը, ինչպես նախորդ մրցաշրջանում, ևս կշարունակի մնալ մեր դիտակետում։

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, փոխել է ակումբային գրանցումը։ Նա կես տարվա պայմանագիր է կնքել դանիական «Վեյլեի» հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն բուժննում է անցել թիմի կազմում, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Հիշեցնենք՝ Բաբայանը հեռացել էր Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։ «Կանեմ ամեն ինչ, որ գարնանը զարմացնեմ ֆուտբոլային Դանիային։ Լավ մարզավիճակում եմ գտնվում և անհամբեր սպասում եմ` երբ եմ մասնակցելու վաղվա մարզմանը և առաջիկա ստուգողական խաղերին»,- ասել է Էդգար Բաբայանը իր տեղափոխությունից հետո։

Իսկ ահա ղազախական «Ակտոբեն» որոշել է պայմանագիր չառաջարկել Սոլոմոն Ուդոյին: Ակումբը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան անցած ֆուտբոլիստների վերաբերյալ: Այդ ֆուտբոլիստների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սոլոմոն Իմե Ուդոն, որը, սակայն ի թիվս մի քանի այլ խաղացողների, չի անցել փորձաշրջանը: Ուդոն խաղաժամանակ է ստացել ուկրաինական «Պոլեսյե» և «Զարյա» թիմերի դեմ ստուգողական հանդիպումներում:

Գեղամ Կադիմյան

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը ևս նոր ակումբ ունի։ Հարձակվողը պայմանագիր է կնքել բելառուսական «Նեմանի» հետ, որի կազմում հանդես է եկել 2020-2021 թվականներին՝ ճանաչվելով թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Կադիմյանի վերջին ակումբը ղազախական «Կայսարն» էր, որտեղից վերջինս հեռացել էր նախորդ տարվա վերջում։

Իսկ ահա մեկ այլ հայ ֆուտբոլիստ լքել է Բելառուսի առաջնությունը՝ տեղափոխվելով ՀՊԼ։ Երևանի «Նոան» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի հետ։ Մուսախանյանի նախկին ակումբը Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Էներգետիկ-ԲԳՈւ»-ն էր, որի կազմում վերջինս անցկացրել է 75 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ։

Անտոնի Մարսիալ

Ինչ վերաբերում է միջազգային տրանսֆերներին, ապա այստեղ ևս կան մի քանի հետաքրքիր տեղափոխություններ։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Սևիլյայում»։ Իսպանական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի վարձակալության մասին։ «Սևիլյայի» կազմում ֆրանսիացին հանդես կգա 22 համարի ներքո։ Ֆուտբոլիստը շատ է ցանկանում մասնակցել առաջիկա ԱԱ-ին, այդ իսկ պատճառով էլ տրամաբանական է, որ նա խաղային պրակտիկա ստանալու համար փոխեց ակումբային գրանցումը։ Անդալուսացիներն ունեն ևս մեկ ձեռքբերում՝ ի դեմս «Պորտուի» մեքսիկացի վինգեր Խոսուս Կորոնայի, ում տրանսֆերն իսպանական ակումբին արժեցավ 3 մլն եվրո։ Անկեղծ ասած, այս ֆուտբոլիստը բավականին երկար մնաց Պորտուգալիայում և կարող էր տեղափոխվել թոփ առաջնություն դեռ մի քանի մրցաշրջան առաջ։

Բայց իսպանական ակումբը նաև մեկ կորուստ ունի․ «Կադիսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Սևիլյայի» կիսապաշտպան Ուսամա Իդրիսին վարձավճարով հանդես կգա իրենց ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը։ 25-ամյա մարոկկացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայում արդեն կայացած տրանսֆերների մեծամասնությունը առանձնահատուկ աղմուկ ու ոգևորվածություն այս պահին չի առաջացնում, սակայն, ինչ վերաբերում է տրանսֆերային շշուկներին, ապա դրանց մեծ մասը Իսպանիայում կապված է «Բարսելոնայի» հետ։ Նախ, ակումբը բարեհաջող կարողացավ գրանցել Ֆերան Տորեսին՝ Լա Լիգայի հանդիպումներին մասնակցելու համար։ 55 մլն եվրոյով «Ման․ Սիթիից» ձեռքբերված ֆուտբոլիստին կատալոնացիները որոշ ժամանակ չէին կարողանում գրանցել՝ բյուրոկրատական թղթաբանության պատճառով (պետք էր բեռնաթափել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը)։ Այլ նորեկներ Չավիի թիմն այս ձմեռ դեռ չունի։

Ըստ միջազգային մամուլի, կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում մոտ մեկ տասնյակ ֆուտբոլիտների նկատմամբ, բայց առավել հաճախ խոսվում է մի քանի հնարավոր ձեռքբերումների մասին․ խոսքը «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենի, «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեի, «Այաքսի» պաշտպան Տալյաֆիկոյի և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի մասին է։ Ըստ տարբեր աղբյուրների՝ կատալոնական ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրերն այդ ֆուտբոլիստների հետ։ Իսկ այդ լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը՝ կիմանանք արդեն հաջորդ շաբաթ, երբ փակվի տրանսֆերային պատուհանը։

 

Ժերեմի Բոգա

Իտալիայում տրանսֆերային շուկան համեմատաբար ավելի ակտիվ է՝ քան Իսպանիայում, սակայն այստեղ էլ շատ չեն նշանակալի տրանսֆերները։ Կարելի է առանձնացնել Ջոնաթան Իկոնեի տրանսֆերը «Լիլից» «Ֆիորենտինա»՝ 14 մլն եվրոյի դիմաց և Ժերեմի Բոգայի տեղափոխությունը «Սասուոլոյից» «Ատալանտա»։ Ինչպես տեղեկացնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը, իվուարցու հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 20 միլիոն եվրո։ Սակայն Գասպերինիի «Ատալանտան» մոտ է իր առաջատարներից մեկին կորցնելուն․ այսօր հայտնի դարձավ, որ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը մեկնել է Միլան՝ բուժզննում անցնելու «Ինտերի» համար։ Ըստ ֆուտբոլիստի գործակալի, տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո։

«Ռոման» ևս երկու նորեկ ունի, սակայն երկուսն էլ «գայլերի» ոհմակին միացել են վարձավճարով։ Խոսքը պորտուգալացի կիսապաշտպան Սերժիո Օլիվեյրայի («Պորտու») և անգլիացի ֆուտբոլիստ Միթլենդ Նայլսի («Արսենալ») մասին է, ովքեր միանագամից ընդգրկվեցին թիմի մեկնարկային կազմում։ Իսկ ահա կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը և հարձակվող Բորխա Մայորալը վարձակալական հիմունքներով Հռոմը փոխեցին Մադրիդի հետ․ ֆուտբոլիստները մրցաշրջանը կավարտեն «Խետաֆեում»։

«Միլանը» ձևակերպել է «Ցրվենա Զվեզդայի»18-ամյա հարձակվող Մարկո Լազետիչի տրանսֆերը։ Բուժզննումից և խաղացողի հետ պայմանագիր կնքելուց հետո պայմանագիրը պաշտոնապես ուղարկվել է Սերիա Ա։ Լազետիչը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը և ընտրել է «22» համարի մարզաշապիկը։ «Միլանը» «Ցրվենա Զվեզդային» վճարել է 4 միլիոն եվրո, սերբական ակումբը կստանա նաև խաղացողի ապագա վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը։

Եվ իհարկե, չմոռանանք նաև նշել Լուիշ Նանիի վերադարձը Ա Սերիա։ Պորտուգալացին, ով վերջին տարիներին հանդես էր գալիս MLS-ում, համալրել է «Վենեցիայի» շարքերը և նույնիսկ արդեն աչքի է ըկել արդյունավետ գործողությամբ։

Վլահովիչի տրանսֆերային սագայի մասին այսօր չենք խոսի․․․ և վերջ։ Այլ տրանսֆերներին ևս մանրամասն չենք անդրադառնա, ահա համառոտ մի քանի գործարքի մասին․

Կելվին Յեբոա (Իտալիա/Գանա)․ «Շտուրմից»՝ «Ջենոա»․ 6,5 մլն եվրո
Սիլվան Հեֆթի (Շվեյցարիա)․ «Յանգ Բոյսից»՝ «Ջենոա»․ 5 մլն եվրո
Միշել Կուիզանս (Իտալիա)․ «Բավարիայից»՝ «Վենեցիա»․ 4 մլն եվրո
Յոան Վասկես (Մեքսիկա)․ «Պումասից»՝ «Ջենոա»․ 3,5 մլն եվրո
Աքսել Տուանզեբե (Անգլիա)․ «Ման․ Յունայթեդից»՝ «Նապոլի»․ վարձավճար
Ֆիլիպ Բենկովիչ (Խորվաթիա)․ «Լեսթերից»՝ «Ուդինեզե»․ անվճար
Պիետրո Պելեգրի (Իտալիա)․ «Մոնակոյից»՝ «Տորինո»․ վարձավճար
Պաբլո Մարի (Իսպանիա)․ «Արսենալից»՝ «Ուդինեզե»․ վարձավճար

«Աուգսբուրգը» ձեռք է բերել ԱՄՆ-ի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ Ռիկարդո Պեպիին։ 18-ամյա հարձակվողը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։ Տրանսֆերային գումարը կազմել է 16 միլիոն եվրո, ինչը ռեկորդային ձեռքբերում է «Աուգսբուրգի» համար։ Պեպին MLS-ի պատմության ամենաերիտասարդ հեթ-տրիկի հեղինակն է։ MLS-ի վերջին առաջնության 31 խաղում Պեպին դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Իրանի հավաքականի հարձակվող Սերդար Ազմունը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Լևերկուզենի «Բայերին»։ «Բայերի» և Ազմունի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Սակայն «Բայերը» պատրաստ է արդեն այս ձմեռ «Զենիթից» գնել Սերդար Ազմունի տրանսֆերը: Sport1-ը հայտնում է, որ գերմանական ակումբն իրանցի ֆուտբոլիստի համար պատրաստ է 2-3 մլն եվրո վճարել, բայց շատ բան կախված է նրանից՝ արդյոք Լուկաս Ալարիոն մինչև ամսվա վերջ կհեռանա՞ «Բայերից»: Ի դեպ, Ազմունն ինքնակամ լքել է «Զենիթի» ճամբարը, որպեսզի պայմանագիր կնքի «Բայերի» հետ։

«Մարսելը» հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության հավաքականի հարձակվող Սեդրիկ Բակամբուի տրանսֆերի մասին։ 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսը։ Բակամբուի վերջին ակումբը չինական «Պեկին Գուանն» էր: Նախկինում Սեդրիկը հանդես է եկել նաև «Վիլյառեալում», «Բուրասփորում» և «Սոշոյում»։

Լիգա 1-ի այլ նշանակալից տրանսֆերները․

Յենս Կայուստե (Շվեդիա)․ «Միդտյուլանդից»՝ «Ռեյմաս»․ 10 մլն եվրո
Էդոն Ժեգրովա (Կոսովո)․ «Բազելից»՝ «Լիլ»․ 7 մլն եվրո
Պատրիկ Բերգ (Նորվեգիա)․ «Բուդե Գլիմտից»՝ «Լանս»․ 4,5 մլն եվրո
Սեադ Կոլաշինաց (Բոսնիա)․ «Արսենալից»՝ «Մարսել»․ անվճար
Իբրահիմա Ամադու (Ֆրանսիա)․ «Սևիլյայից»՝ «Մեց»․ անվճար

Սակայն ոչ միայն Բակամբուն է վերադարձել Եվրոպա։ Հիշո՞ւմ եք Վիլֆրեդ Բոնիին․․․  «Մանչեսթեր Սիթիի», «Սուոնսիի» և Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին հարձակվող Վիլֆրիդ Բոնին կարիերան կշարունակի Նիդեռլանդների առաջնությունում։ 33-ամյա հարձակվողը պայմանագիր է կնքել ՆԵԿ-ի հետ, որը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Բոնիի վերջին ակումբը եղել է «Ալ Իթիհադը», որի կազմում նա հանդես էր գալիս 2020 թվականից։ Սա էլ՝ որպես փոքրիկ բոնուս-նյուզ․․․

armsport.am

Back to top button