Նորություններ

«Եթե ռուս-ուկրաինական լուրջ բախումներ լինեն, ապա Հայաստանի գլխին շատ լուրջ վտանգներ են կախվելու»

«Եթե հանկարծ ռուս-ուկրաինական լուրջ բախումներ լինեն, ապա հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ Հայաստանի գլխին շատ լուրջ վտանգներ են կախվելու, և շատ լուրջ իրավիճակում ենք հայտնվելու»

«Ռուսաստանը մշտապես զբաղված է եղել իրավիճակի սրմամբ, բայց այսօրվա Ուկրաինան այն 2014թ.-ի Ուկրաինան չէ, և այս նոր իրավիճակում Ռուսաստանը ռուս-ուկրաինական ճակատում չի կարող արձանագրել այն «հաջողությունը», որն արձանագրել է 2014թ.-ին՝ Ուկրաինայի վրա հարձակվելով: Հիմա ավելի բարդ է լինելու. չեմ կարծում, որ պատերազմի վտանգը շոշափելի է, բայց սպառնալիքը կա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հրապարակախոս, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանի լարվածությանը և հնարավոր զարգացումներին:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բախման պարագայում Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ի իր դաշնակցի պարտավորությունները: Ռուս-ուկրաինական լարվածությունը ինչպիսի՞ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա:

Վարդան Հարությունյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

Վարդան Հարությունյան

«Ցանկացած լարվածություն, դա կլինի Ուկրաինայում, թե մեկ այլ  երկրում, ազդեցություն է ունենում այլ տարածաշրջանների և այլ երկրների վրա:

Եթե հանկարծ ռուս-ուկրաինական լուրջ բախումներ լինեն, ապա հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ Հայաստանի գլխին շատ լուրջ վտանգներ են կախվելու, և շատ լուրջ իրավիճակում ենք հայտնվելու:

Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է մեկ ճամբարում, և աշխարհը Հայաստանին դիտարկելու է երկիր, որը ՀԱՊԿ նախագահող երկիր է և Ռուսաստանի հետ միասին է»,- ընդգծեց իրավապաշտպանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ  եթե Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվի, անդառնալի հետևանքներ կլինեն: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ խորհուրդ է տվել արևմտյան գործընկերներին ուկրաինական ճգնաժամի պատասխանատվությունը իրենց վրա բարդելու փոխարեն ստիպեն Ուկրաինայի իշխանությանը կատարել Մինսկի համաձայնագրերը և անհապաղ բանակցել հակամարտող կողմերի հետ: Ստեղծված իրավիճակում հնարավոր համարո՞ւմ եք այս հարցի կարգավորումը բանակցային ճանապարհով:

Հարությունյանը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.

«Հարցը, իհարկե, պիտի լուծվի բանակցությունների ճանապարհով, բայց Ռուսաստանը սրում է իրավիճակը, և սրման նպատակն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է իր դիրքերն ամրապնդել արևմտյան սահմանում: Ռուսաստանը չի ցանկանում համակերպվել այն կորուստների հետ, որոնք արձանագրել է 1990-ականներին: Ռուսաստանը ապրում է կայսերական պատկերացումներով, իսկ աշխարհը բոլորովին այլ է և մերժում է այդ պատկերացումները»,- հայտարարեց  Վարդան Հարությունյանը:

Հիշեցնենք՝ վերջին ամիսներին հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում էր անվանել։ Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։

Նշենք նաև, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Միացյալ Նահանգների քաղաքացիներին անհապաղ մտածել Ուկրաինայից հեռանալու մասին՝ անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառով։

Անահիտ Չալիկյան

Back to top button