Նորություններ

Կապանում 51-ամյա վարորդը «Կամազ»-ով բախվել է պատին. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 51-ամյա Հրայր Պետրոսյանը իր վարած Կամազ մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցում դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Կապանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները տեղում զննել են վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button