ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նախապատրաստում է հանրությանը, որ եթե վաղը հանձնեն Արցախի մնացած հատվածը, ասեն՝ նախկինները, նախկինները, նախկինները…». ԱԺ պատգամավոր

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստանի առաջ ծառացած  մարտահրավերներին, նշել է՝ կա լրջագույն խնդիր ներքին և արտաքին անվտանգության առումով:

«Մեր գլխավոր խնդիրները հետևյալն են. ստեղծված է նոր ռազմաքաղաքական իրավիճակ, որին համահունչ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ և՛ սահմանների պաշտպանության առումով, և՛ ռիսկերի կառավարման: Պատերազմի հետևանքով ունենք մեծածավալ զինտեխնիկայի, զինամթերքի կորուստ, որը պետք է վերականգնել: Պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգ, որի մասին խոսում են բոլորը, բայց մինչև այժմ դա ոչ միայն ուժի մեջ չի մտել, այլև նույնիսկ լայն քննարկման առարկա չի դարձել, անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում: Ես այս մասով շատ եմ խոսում, ինչու չէ, նաև շտապում եմ, որովհետև Ադրբեջանը շատ ավելի վաղ հայտարարեց այն մոդելը, որով շարժվելու է: Ադրբեջանը գնում է  վերականգնման ճանապարհով, և որքան էլ որ Ադրբեջանում փակ է համակարգը, նույնիսկ տեսանելի տեղեկատվական հոսքերով արդեն նկատելի է այն հիմնական միջոցառումներն ու ուղղությունները, որոնք արդեն կյանքի են կոչվում: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ Հայաստանը շատ դանդաղ է մոտենում այս գործընթացին: Այն մարդիկ, ովքեր ի պաշտոնե պետք է կանգնած լինեին այդ գործընթացի մշակման և իրականացման փուլում, նրանք եթե նույնիսկ ունեն ցանկություն, ապա ի վիճակի չեն անելու: Տեսեք՝ ովքեր են ռազմաքաղաքական իշխանության բուրգում կանգնած անձինք և ինչքանով առնչություն ունեն առհասարակ անվտանգության համակարգի հետ»,-նշեց Աբրահամյանը:

Նա նաև հավելում է՝ երբեք  ՀՀ ՊՆ-ն չի եղել այսչափ փակ կառույց, որքան հիմա է. ավելի քան երկու ամիս Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում, բայց հարկ չի համարել ներկա գտնվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության  հանձնաժողովի նիստին, ներկայացնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների որևէ հայեցակարգ: Պատգամավորը արձանագրում է՝ Հայաստանում ժողովրդավարության քողի տակ գնացել ենք ավտորիտարիզմի ճանապարհով:

Անդրադառնալով հարցադրմանը, թե ստեղծված մարտահրավերներին ինչու համահունչ չէ խորհրդարանական երկրի խորհրդարանի աշխատանքը, ինչու բազմաթիվ կարևոր հարցեր քննարկման առանցքում պահելու փոխարեն մենք պարբերաբար լսում ենք հայհոյանք, տեսնում ծեծկռտուք,  ընդդիմադիր պատգամավորը նշեց.

«Դա նաև նրանից է, որ հասարակության մեջ կա հատված, որին դուր են գալիս այդ տեսարանները: Եվ իշխանությունն անընդհատ նման իրավիճակներ է ստեղծում և փորձում հանդես գալ նաև այդ դիրքերից»:

Խորհրդարանական ընդդիմության մասին խոսելիս Աբրահամյանը նշեց, որ մարտավարություն փոխելու խիստ անհրաժեշտություն կա:

«Իմ մոտեցումն այն է, որ ընդդիմության անելիքը ավելի շատ խորհրդարանի պատերից դուրս է, քան խորհրդարանում է»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ասուլիսում հնչեցրած դիտարկումներին, Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ Փաշինյանը շարունակում է  հանրությանը համոզել, որ ինքը մեղավոր չէ: «Նաև նախապատրաստում է հանրությանը, որ եթե վաղը հանձնենք Արցախի մնացած հատվածը, ժողովուրդ ջան, մենք մեղավոր չենք, դա ի սկզբանե այդպես պետք է լիներ. նախկինները, նախկինները, նախկինները…»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button