Նորություններ

«Այն, ինչ հիմա իրականացվում է, դա ծրագրված է եղել «թավշյա հեղափոխությունից» առաջ». Հ. Դեմոյան

«2018թ.-ի գարնանը բեմադրվածը առաջին արարն էր, որին պետք է հաջորդեր երկրորդը, երրորդը և այդպես շարունակ». Հ. Դեմոյան

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ համարում լուրջ քաղաքական գործիչ, այլ համարում եմ ուժային կենտրոնների կամակատար, և այն, որ նա նշում է, թե 2016թ.-ի բանակցային գործընթացում եղել է աղետ, ապա ես կասեմ, որ ինքն այդ աղետի մեջ է «ծնվել»:

Նա իրեն բնորոշ ձևով կարողանում է բուն խնդիրը տեղափոխել այլ հարթության մեջ և կորցնել այդ խնդիրը: Նիկոլ Փաշինյանը եթե մի  բան կարողանում է անել, դա մանիպուլացնելն է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում  հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի  վերաբերյալ հայտարարություններին:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ 1992թ.-ի համաձայնագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ըստ Հայկ Դեմոյանի՝ եթե անգամ եղել է նման բան, դա չի նշանակում, որ արցախցիներն ինքնորոշման իրավունքից և այդ ինքնորոշումն իրացնելու կամարտահայտվելուց զրկվել են:

Նա, անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, հայտարարեց.

«Խաղաղությունը շատ լավ բան է, բայց երբ դու ունես Թուրքիայի նման հարևան երկիր, որն ընդհանրապես չի թաքցնում իր նկրտումները քո երկրի հանդեպ՝ դա լինի անցյալում, ներկայում, թե ապագայում, ապա խաղաղության, հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններ անելուց առաջ պիտի երկար մտածել:

Սա չի նշանակում, որ մենք խաղաղության կողմնակից չենք, բայց պետք է հաշվի առնել, որ մեր դիմացը Թուրքիան է, որի համար հայկական պետականության գոյությունն անընդունելի է: Մեր դիմաց այն  Թուրքիան է, որ ժխտում է իր իրականացրած ծանրագույն հանցագործությունը՝ Ցեղասպանությունը, և հիմա էլ փորձում է ստեղծել իր կայսրությունը»:

Դեմոյանի խոսքերով՝ այն, ինչ հիմա իրականացվում է, դա ծրագրված է եղել թավշյա հեղափոխությունից առաջ, և այդ խեղկատակությունը, որ բեմադրվեց 2018թ.-ի գարնանը, առաջին արարն էր, որին պետք է հաջորդեր երկրորդը, երրորդը և այդպես շարունակ:

«Կեղծ հեղափոխության միջոցով  իշխանության գալը խիստ շահեկան էր. 2018թ.-ի իրադարձությունների ալիքի տակ իշխանության եկածները նախապատրաստած էին հենց այս սցենարներին, և նրանք պատրաստ էին ցանկացած գնով ընդառաջ գնալ թուրքական նախապայմաններին:

Թուրքիան առանց այդ էլ ամեն ինչ ստանում է, բայց դրա դիմաց ոչինչ չի տալիս: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փխրուն է՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումներից՝ մանավանդ ռուս-ուկրաինական զարգացումներից:

Էրդողանը հայտարարեց, որ ռուս-ուկրաինական բախման պարագայում Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ի  իր դաշնակցի պարտավորությունները:

Եթե Թուրքիան հանդես է գալիս ընդդեմ մեր դաշնակցի՝ Ռուսաստանի, ապա տվյալ դեպքում մենք էլ լրջագույն խնդրի առաջ ենք կանգնելու»,- եզրափակեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button