Նորություններ

Գոռ Սարիբեկյանը թշնամու արձակած արկի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել, բայց շարունակել է մարտնչել…

44-օրյա պատերազմում մարտնչեցին և հանուն հայրենիքի զոհվեցին մեր գործընկերները ոստիկանության տարածքային բաժիններից և ոստիկանության զորքերից։ Ոստիկանության զորքերի մարտիկներից մեկն էլ սերժանտ Գոռ Սարիբեկյանն էր։

Գոռ Սարիբեկյանը ծնվել է 1998 թվականին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում։ Ավարտել էր դպրոցն ու 2016-2018 թվականներին ծառայել հայոց բանակում։ 2018 թվականից ոստիկանության համակարգում էր։ Բարեխիղճ ծառայությանը զուգահեռ՝ նաև մարտական հերթապահության էր մեկնել սահմաններ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, ոստիկանության զորքերի զորամասի ծառայողները տագնապ ազդանշանով հավաքվել էին իրենց ծառայության վայրում։

Նրանց մեջ էր նաև Գոռ Սարիբեկյանը։ Երկու օր պատրաստվելուց հետո պարզ դարձավ, որ ոստիկանության զորքերի զորախումբը պետք է մեկնի Արցախ՝ մասնակցելու մարտական գործողությունների։ Սեպտեմբերի 29-ին ոստիկանության զորքերի առաջին զորախումբը մեկնեց Քարվաճառ, սակայն այդ խմբում ընդգրկված չէր Գոռը։

Զորախմբի կազմով Քարվաճառ մեկնեց նրա եղբայրը։ Գոռ Սարիբեկյանն այդ օրերին ծառայությունը շարունակում էր մայրաքաղաքում՝ պահպանելով հասարակական կարգն ու մասնակցելով համավարակի դեմ պայքարի միջոցառումներին։

Շուտով Գոռ Սարիբեկյանն ընդգրկվեց ոստիկանության զորքերի հերթական զորախումբում, որը պետք է Շուշի մեկներ. թշնամին մոտեցել էր հայոց բերդաքաղաքին։ Նոյեմբերի 2-ին ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց Շուշի։

Նոյեմբերի 4-ից սկսվեցին թեժ մարտեր։ Թշնամին մոտենում էր, իսկ մարտերը գնալով ավելի մոտ տարածության վրա էին։ Նոյեմբերի 7-ին հերթական մարտի ընթացքում Գոռ Սարիբեկյանը թշնամու արձակած արկի պայթյունից ստանում է բեկորային վնասվածքներ։ Չնայած դրան՝ շարունակում է մարտնչել…

Նոյեմբերի 7-ին Շուշի տանող ճանապարհին զոհվեցին ոստիկանության զորքերի զորախմբի գրեթե բոլոր անդամները՝ գնդի հրամանատար Արմեն Վարդանյանն ու չորս տասնյակ մարտիկներ։

ՀՀ նախագահի հրամանագրով սերժանտ Գոռ Սարիբեկյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով, իսկ Արցախի նախագահի և ՀՀ ոստիկանության պետի հրամաններով՝ «Սխրագործության համար» մեդալներով։

Փա՛ռք սերժանտ Գոռ Սարիբեկյանին ու մեր անմահ գործընկերներին։ Ձեր կիսատ թողածը շարունակելու ենք…

Back to top button