Նորություններ

ՀՀ-ին կտրամադրվի 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 1մլն 719 հազար 200 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ:  Ծրագրի իրականացումը համահունչ է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում ամրագրված միջազգային համագործակցության շրջանակում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակման ու նախագծերի իրականացման ուղղությանը, ինչպես նաև բխում է էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքական սկզբունքներից։ Ծրագրի նպատակներից է հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) էներգախնայողության մակարդակի աճ 50 տոկոսով, ինչը կհանգեցնի տարեկան 3.000 մՎտ*ժամ էլեկտրաէներգիայի խնայողությանը և տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշի նվազեցմանը: Նախատեսվում է նաև ջակցություն էներգետիկ ծառայություններ մատուցող ենթակառուցվածքների սուբյեկտների կայացման և զարգացման նպատակով:

Հավանություն է տրվել 2020 թ. նոյեմբերի 6-ին ստորագրված «Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի նպատակը կողմերի միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման համաձայնեցված մոտեցումների սահմանումն է՝ հասարակության թվային զարգացման ոլորտում և թվային տնտեսությունում, ինչպես նաև ԱՊՀ տարածքում էլեկտրոնային ծառայությունների տրամադրման մոտեցումներում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կարգավորման ներդաշնակեցման համար: Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով՝ նորմատիվ կարգավորում, տարածաշրջանային թվային տարածության և տեղեկատվական անվտանգության զարգացում,         թվային տնտեսության ոլորտների և շուկաների զարգացում, տեղեկատվական ենթակառուցվածքի միասնական զարգացում, կրթություն, հետազոտական իրավասությունների (կոմպետենցիաների) ձևավորում և կադրերի պատրաստում, մրցակցային թվային տեխնոլոգիաների յուրաքանչյուր բնագավառում տեխնոլոգիական անկախություն ապահովող հետազոտական աջակցության համակարգերի ստեղծում: Համաձայնագրի շրջանակում հնարավորություն կընձեռվի ստեղծել փոխշահավետ պայմաններ տարածաշրջանային տեղեկատվական տարածության ձևավորման, ինչպես նաև ԱՊՀ տարածքում «թվային անհավասարության» կրճատմանը:

Գործադիրը հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 8-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Back to top button
Close