Նորություններ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել գյուղատնտեսության ոլորտի մի շարք ծրագրերում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի գումարը սահմանել 3-15 մլն դրամ (բոլոր նպատակային ուղղությունների համար): Առաջարկվում է սահմանել վարկի տրամադրման նպատակային ուղղություններ՝ մեղվամայրերի, մեղվաընտանիքների, ինչպես նաև փեթակների ձեռքբերում, անասնաշենքերի կառուցում և տեխնոլոգիական ապահովում, անասունների, թռչունների և ճագարների ձեռքբերում, անասնակերի ձեռքբերում, սերմերի, սածիլների և տնկիների ձեռքբերում, գյուղատնտեսական նշանակության հողի ձեռքբերում և այլ: Որոշմամբ նախատեսվում է հնարավորություն տալ շահառուներին փոփոխելու վարկի նպատակային ուղղությունը՝ այդ մասին դիմում ներկայացնելով ֆինանսական կառույցին, փոփոխելու վարկի մարման և արտոնյալ ժամկետը, դարձնելով համապատասխանաբար՝ 3 տարի և 6 ամիս:

Մեկ այլ որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ոռոգման արդիական համակարգերի ներդրման խրախուսմանն ուղղված ծրագրում: Կարգավորման նպատակն է` ավելացնել ոռոգման արդիական համակարգեր ներդնող շահառուների թիվը, հետևաբար նաև ոռոգվող հողատարածքները։ Առաջարկվում է ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի փոխհատուցումն ավելացնել և 22 տոկոսի ու 25 տոկոսի փոխարեն սահմանել 50 տոկոս: Բացի ջրավազանների կառուցումից, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում նաև ընդլայնել առկա ջրավազանները։ Ջրավազանների կառուցման կամ ընդլայնման հնարավորություն է տրվում նաև համայնքներին։ Ծրագրից հանվել է հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն իրականացնող կառույցների ցանկի հրապարակման պարտադիր պահանջը՝ հնարավորություն տալով տնտեսավարողներին ինքնուրույն ընտրել համապատասխան ծառայություն մատուցող կառույցին։ Միաժամանակ, որոշմամբ այգեհիմնման նպատակով թույլատրվում է այգեհիմնման տարածքի չափով հողի ձեռքբերում, եթե չի գերազանցվում ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

Հանրապետությունում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների արտադրությունը խթանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է   կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի շրջանակում վարկը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով: Տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կսուբսիդավորվի այն չափաքանակով, որ  հանրապետությունում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում տնտեսավարողներին վարկը կտրամադրվի 2 տոկոս, իսկ ներկրված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու դեպքում՝ 3 տոկոս տոկոսադրույքով։

Գործադիրը փոփոխություներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ-ում  2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի պայմանները վերանայելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ֆինանսական շուկայում տոկոսադրույքների փոփոխությամբ պայմանավորված ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների կողմից 12 տոկոսով վարկի տրամադրումը դարձել է ոչ շահավետ և անհրաժեշտություն է առաջացել վերանայելու վարկի տրամադրման տոկոսադրույքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, վարկի տրամադրվում է ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորում է։

Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրում ևս  փոփոխություններ և լրացումներ են կատարվել՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի ներառման, վարկերի տրամադրման պայմանների և վարկավորման գործընթացի հստակեցման համար։ Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով: Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրում նշված մոդելների գնահատված ծախսերին: Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։

Նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ-ում  ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լիզինգը տրամադրել ՀՀ դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է: Թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն իրականացնող, ինչպես նաև սպանդանոցային գործունեություն իրականացնող լիզինգառուների կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը 1000 մլն դրամից իջեցվում է մինչև 200 մլն դրամ: Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում, լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրության ծախսերը ֆինանսական կառույցների փոխարեն կատարվելու է լիզինգառուների հաշվին։

Մհեր Գրիգորյանը կարևորել է ծրագրերի իրականացումը և անհրաժեշտ համարել  ծրագրի պոտենցիալ շահառուներին նախատեսվող կարգավորումների վերաբերյալ  պատշաճ իրազեկումը:

Մշակող արդյունաբերության տնտեսավարողների համար կստեղծվեն մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները

Մշակող արդյունաբերության փոքր ու միջին ձեռնարկությունների նոր, բարձր արտադրողականությամբ սարքավորումներով հագեցվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ հումքային բազայի  ստեղծման և զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում։  Հիմնավորման համաձայն՝ գործող ընկերություններից շատերը աշխատում են հնամաշ, ցածր արտադրողականություն ունեցող և էներգատար հաստոցներով, մինչդեռ կառավարության ծրագրով ամրագրվել է աշխատանքի արտադրողականության բարձրացման  զգալիորեն ավելի բարձր թիրախային ցուցանիշ։ Ներկայումս Հայաստանում վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն հումքի պահանջարկ, և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով հումքի ձեռք բերումը մատչելի դառնալու դեպքում մշակող արդյունաբերության արտադրության ծավալները կաճեն,  և համապատասխան արտադրատեսակների գծով կավելանան պետբյուջեի եկամուտները։ Որոշմամբ առաջարկվում է տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև հումքի գնման կամ ներկրման հնարավորության ընձեռնում, որը նախադրյալներ կստեղծի տեղական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար: Նախնական գնահատականի համաձայն՝ ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ կպահանջվի մոտ 56 մլրդ ՀՀ դրամ՝ նախատեսվող 6-7 տարիների համար։ Արդյունքում առաջիկա 2 տարիների համար ակնկալվում է մոտ 100 մլրդ ՀՀ դրամի չափով կապիտալ ներդրումներ երկրի տնտեսության մեջ սարքավորումների տեսքով, ինչպես նաև համապատասխան ոլորտներում արտադրողականության մինչև 60 տոկոս աճ։ Արտոնության առկայության պարագայում կանխատեսվում է տարեկան առնվազն 5 խոշոր ներդրումային ծրագրերի հաստատում` ռազմավարական ոլորտներում: Նշված ներդրումները աշխատատեղերի ստեղծումից ու արտահանելի նոր արտադրանքի զարգացումից բացի, կբերի նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ` իր շուրջ ձևավորելով իրեն սպասարկող ՓՄՁ էկոհամակարգ։ Ծրագիրը կծառայի որպես ՀՀ ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելուն միտված ևս մի հավելյալ գործիք։ Ծրագրով նաև նախատեսվում է, որ շահառուները պարտավորվեն բարձրացնել իրենց գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Մասնավորապես, կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում կատարած և արտոնությունից օգտվող տնտեսավարողները վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև «Մեծ Քառյակ» աուդիտորական ընկերությունների կողմից աուդիտի եզրակացություն: Ըստ այդմ՝ էականորեն կլավարկի գործող ընկերությունների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ինչպես նաև կբարձրացնի նրանց արտադրողականությունը։

Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ  այս լավարկմամբ կարևորագույն քայլ է իրականացվում: «Քանի որ խնդիրները փոխվել են, շուկան այլ է, և կարող ենք ասել, որ հետևանքների մեղման և չեզոքացման խնդիրը տրանսֆորմացվում է դեպի զարգացման վարկերի խթանում:  Ըստ այդմ՝ լիզինգային և սարքավորումների գնման գործարքների, ֆինանսավորման գործիքների էական սուբսիդավորման գործիքակազմ ներդնելը շատ կարևոր է: Բայց այստեղ նույնպես պետք է տարվեն  լուսաբանման, իրազեկման աշխատանքներ»,-ասել է փոխվարչապետը:

Back to top button
Close