Նորություններ

Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանը հրաժարվում է նորընտիր համայնքապետին փոխանցել համայնքապետարանի փաստաթղթերը

Մերգել Ղարիբյանը հայտնել է՝ ինքը չի ընդունում, որ Ջեմմա Հարությունյանն օրինական ճանապարհով է ընտրվել համայնքի ղեկավար, դրա համար էլ փաստաթղթերը չի հանձնում:

Ամասիա կրկնակի խոշորացված համայնքի բյուջեն հաստատված է, բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը՝ նույնպես: Համայնքի ղեկավար ընտրված Ջեմմա Հարությունյանն արդեն 1 ամսից ավելի է ստանձնել է պաշտոնն ու ձեռնամուխ է եղել համայնքապետարանի աշխատակազմի ձևավորմանը: Ինչպես նախորդ պաշտոնավարման տարիներին, առաջիկա 5 տարում ևս Ջեմմա Հարությունյանը կաշխատի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ կոալիցիայով: Այս մասին նա հայտնեց ԳԱԼԱ-ի թղթակցին:

Կրկնակի խոշորացված համայնքում բնակավայրերի թիվ է ավելացել, ըստ այդմ էլ կիսով չափ կընդլայնվի աշխատակազմը, ասում է համայնքի ղեկավարը: Նախատեսվում է գյուղատնտեսության, շինարարության և հողօգտագործման բաժիններ ավելացնել, մի շարք նոր ծառայություններ հիմնել համայնքի արդյունավետ ղեկավարման համար, նաև համայնքի ղեկավարի 3-րդ տեղակալի և օգնականի հաստիքներ ավելացնել:

Նոր ձևավորվող համայնքապետարանը, ըստ Ջեմմա Հարությունյանի, նոր աշխատատեղերի կարիք կունենա: Նրա խոսքերով՝ համայնքապետարանի աշխատակազմում հնարավոր է աշխատանք գտնվի նաև ՀՀԿ Շիրակի մարզի պատասխանատու Արտյոմ Ղուկասյանի համար, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է: Ջեմմա Հարությունյանի խոսքերով՝ թե ինչ պաշտոն կստանձնի նա, կքննարկվի Ամասիայի ավագանու առաջիկա նիստերից մեկում:

Ջեմմա Հարությունյանի խոսքերով՝ նախկինում խոշորացված Ամասիա համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները չեն փոխվի: Իսկ Արփի խոշորացված համայնքի վարչական ղեկավարներն աշխատանքից ազատված են իրենց համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի որոշմամբ: Ի դեպ, Մերգել Ղարիբյանը Ջեմմա Հարությունյանի մրցակիցն էր այս ընտրություններում: Հիմա Ջեմմա Հարությունյանի իրավասությունների շրջանակում է նախկին Արփի խոշորացված համայնքի բնակավայրերում վարչական նոր ղեկավարներ նշանակելը: Նորընտիր համայնքապետը կայցելի բնակավայրեր, ասում է՝ տեղում բնակիչների կարծիքները կիմանա ու ըստ այդմ էլ նշանակումներ կանի: Արփի համայնքում, ըստ Ջեմմա Հարությունյանի, 1 վարչական ղեկավարը 3 բնակավայր կսպասարկի:

Խոշորացված համայնքը 15-ի փոխարեն կաշխատի ավագանու 9 անդամով: Արդյոք քանակապես քիչ լինելը կազդի՞ աշխատանքի արդյունավետության վրա, ըստ Ջեմմա Հարությունյանի՝ ոչ, քանի որ 9 անդամներից 2-ը Արփի նախկին խոշորացված համայնքից են ու կներկայացնեն այդ համայնքի խնդիրները, որպեսզի այն դուրս չմնա համայնքապետարանի տեսադաշտից:

Հիշեցնենք, որ Ամասիայի ընտրությունների արդյունքում 6 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանի հետ միասին մանդատներից հրաժարվել էին, ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել նաև ընտրացուցակի բոլոր 32 թեկնածուները: Նրանք մինչև հիմա չեն ընդունում 9 անդամով համայնքի ավագանի ձևավորելու փաստը և վարչական կարգով բողոքարկում են, որպեսզի Ամասիայի ավագանու ընտրությունները համարվեն չկայացած:

Մերգել Ղարիբյանի կողմնակիցները, Ամասիայի ավագանու նախկին թեկնածուների փաստաբանը օրեր առաջ բողոք-դիմում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր ճանաչել 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Ամասիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և չեղարկել համայնքի նոր ղեկավար ընտրելու որոշումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումը քննարկել էր Գյումրու թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովը և իր իրավասություններից դուրս համարել ավագանու 9 անդամով համայնքի ղեկավար ընտրելու փաստի չեղարկումը:

Իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը բողոքարկողի պահանջներն անհիմն էր համարել ու ժամանակավրեպ՝ այն բացատրությամբ, որ սահմանված ժամկետում թեկնածուների կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքներ իրենց չի ներկայացվել: Ըստ այդմ էլ ՔՊ-ական թեկնածուների ներկայացուցչի դիմումը մերժվել էր: Ինչի հետ դիմումատուները համաձայն չէին, օրենքի իրենց մեկնաբանմամբ, ավագանին ձևավորվում է ոչ թե 50 տոկոս +1 անդամով, այլ ընդհանուր անդամների թվի 2/3-րդով:

Ավագանու նախկին թեկնածուների ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ իրենք վարչական բողոք են ներկայացրել վարչական դատարան:

Նշենք, որ Արփի նախկին խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը հրաժարվում է փաստաթղթերի ընդունում-հանձնում կատարել նորընտիր համայնքապետին:

Ըստ Ջեմմա Հարությունյանի՝ ինքն այդպես էլ չհասկացավ, թե ինչն էր պատճառը, որ իր մրցակիցները, լինելով երկրի իշխող ուժի կուսակցությունից, ինչու հրաժարվեցին իրենց մանդատներից, երբ մի շաբաթ շարունակ Ամասիայում գոռում էին, որ հաղթել են: Ու սա այն դեպքում, երբ 6 մանդատ իրենք ունեին, 6-ն էլ իր ղեկավարած դաշինքը: Ջեմմա Հարությունյանի աշխատանքին հիմա խանգարում է այն, որ ընդունում-հանձնում չի կատարվում: Նա ասում է՝ թող գան իրենց փաստաթղթերի ընդունում-հանձնումը կատարեն, եթե դատական պրոցեսը շահեն, ապա ինքը ևս պատրաստ է դրանք ետ հանձնել ու դրանում ոչ մի խնդիր չի տեսնում:

Իսկ Մերգել Ղարիբյանը տեղեկացրեց, որ ինքը չի ընդունում, որ Ջեմմա Հարությունյանը օրինական ճանապարհով է ընտրվել համայնքի ղեկավար, դրա համար էլ փաստաթղթերը չի հանձնում: Օրենքի շրջանակում իրենք ճշմարտությունն են պահանջում: Եթե  վարչական դատարանը հաստատի, որ ընտրությունների արդյունքներն օրինական են, ապա, ըստ Մերգել Ղարիբյանի, այդ ժամանակ էլ իրենք փաստաթղթերի ընդունման-հանձնման գործընթաց կսկսեն:

Կարինե Կազարովա

Back to top button