ՆորություններՏնտեսական

«Մեր տնտեսությունը չի դիմանա Թուրքիայի հետ մրցակցությանը. ազգային կապիտալը դուրս կմղվի». տնտեսագետ

«Ողջունելի չէ, երբ մրցունակության ցածր մակարդակում գտնվող երկիրը գնում է այդ քայլին, որովհետև Թուրքիան միանգամից կկլանի Հայաստանի տնտեսությունը, և թե ինչ կմնա դրանից հետո, հայտնի չէ»

«Ցանկացած թանկացում առաջին հերթին ունի սոցիալական ազդեցություն մարդկանց բարեկեցության վրա: Այսինքն՝ ինչ չափով կբարձրանան ապրանքների գները, այդքանով ընկնում է մարդկանց գնողունակությունը: Թանկացումների ազդեցությունը սպառողների վրա այդքան էական չէր լինի, եթե դրան զուգահեռ ավելանային մարդկանց եկամուտները:

Գնաճը մեղմելու որոշակի  հնարավորություն կա, և դա Կենտրոնական բանկի գործառույթն է, բայց կան նաև արտաքին գործոններ, որոնք ազդում են գնաճի վրա. մասնավորապես՝ համաշխարհային գները:

Խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ. մի մասը կախված է մեզնից, մյուս մասը՝ արտաքին և ներքին ազդեցություններից: Այս պահին հստակ որևէ կանխատեսում անել հնարավոր չէ, որովհետև դրա համար լուրջ ուսումնասիրություններ են պետք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը այս պահին մտահոգիչ է:

«Մեծ է անորոշությունը, բայց ամեն դեպքում նախորդ ժամանակաշրջաններում էլ տնտեսության զարգացման միտումները դրական չեն եղել: Համենայնդեպս չկան  նախադրյալներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ լավատեսության համար, մասնավորապես օտարերկրյա ներդրումների մասին:

Օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազեցին 54%-ով, և 40%-ից ավելին անորոշությունն ու քովիդի ազդեցությունն է: Օտարերկրյա ներդրումների մասով հնարավորությունները սահմանափակ  են:

Մնում է մեզ ներքին ռեսուրսների հաշվին իրագործել զարգացման ծրագրեր, որոնք ուշքի կբերեն տնտեսությունը:

Պետք է նշեմ, որ այն, ինչ արտացոլված է կառավարության ծրագրում, որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ չի իրագործվում և առաջիկայում էլ հազիվ թե իրագործվի»,- հայտարարեց Վարդանյանը:

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը չունի մրցունակ տնտեսություն, և այդ ուղղությամբ արմատական փոփոխություններ չեն կատարվում:

«Հայաստանում ինովացիոն զարգացում չունենք, տնտեսության նոր հատվածներ չեն ձևավորվում, զբաղվածության մակարդակը երբեմն աճում և նվազում է, բայց բարձր վարձատրվող զբաղվածությունը շատ ցածր է, այսինքն՝ բաժնեմասը փոքր է, իսկ դրանով մեծ արժեք չի ստեղծվի. դրա համար մեր երկրի ՀՆԱ արդյունքը մեծ չէ, ինչն էլ հնարավորություն չի ստեղծում, որպեսզի բնակչության կենսամակարդակը պատշաճ բարձրացվի: Մեծ առաջընթացի համար նախ պետք է մեծ արժեքներ ստեղծվեն, իսկ դա, ըստ էության, տնտեսության նոր ճյուղերի ստեղծումն է՝ հատկապես այն ճյուղերի, որոնք ավելացրած արժեքի հարկ են ստեղծում: Պետք է զարգանան արագ աճող ոլորտները, մասնավորապես՝ տեխնոլոգիաները, բայց այս առումով էլ մենք ունենք խնդիրներ գիտակրթական համակարգում:

Թեպետ կառավարությունը որոշ չափով  բարձրացրել է գիտական ոլորտի աշխատողների վարձատրությունը, բայց դա բավարար չէ, որպեսզի գիտական  մշակումներ արվեն, որոնք դրվեն տնտեսական զարգացման հիմքում»,- հայտարարեց տնտեսագետը:

Գագիկ Վարդանյանը, անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսակցություններին և Հայաստանի տնտեսության վրա թողած հնարավոր ազդեցությանը, հայտարարեց.

«Մեր տնտեսությունը չի դիմանա Թուրքիայի հետ մրցակցությանը. ազգային կապիտալը դուրս կմղվի, թուրքական կապիտալի ազդեցությունը կմեծանա, և դա կազդի անգամ քաղաքական որոշումների վրա:

Ամեն դեպքում ողջունելի չէ, երբ մրցունակության ցածր մակարդակում գտնվող երկիրը գնում է այդ քայլին, որովհետև Թուրքիան միանգամից կկլանի Հայաստանի տնտեսությունը, և թե  ինչ կմնա դրանից հետո, հայտնի չէ»,- եզրափակեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button