«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ չկար որևէ նոր բան, նա կրկնեց այն բոլոր թեզերը, որոնք հնչեցրել էր դեկտեմբերին»
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի Փաշինյանը Ալիևի հետպատերազմական ելույթները տեղավորում է «էմոցիոնալ» տիրույթում:

«Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, այնուամենայնիվ, իր հույսերի արտահայտումն էր, քան թե իրականության: Հետպատերազմական շրջանում Ալիևի բոլոր հայտարարություններն ու քայլերը խիստ ռացիոնալ են: Նա երբեմն ավելի ագրեսիվ հայտարարություններ է հնչեցնում, իսկ մեկ այլ դեպքում էլ դրանք ավելի խաղաղասիրական երանգ ունեն: Դա մեծ ռազմավարության մաս է՝ Հայաստանին «մտրակի և բլիթի» գործիքակազմով հասցնել այն բանին, որ Երևանը կընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ընթացքում հնչեցված այն հայտարարությանը, ըստ որի Փաշինյանը Ալիևի հետպատերազմական ելույթները տեղավորում է «էմոցիոնալ» տիրույթում:
Քաղաքագետը, անդրադառնալով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ արված հայտարարություններին և դրանց ազդեցությանը հնարավոր բանակցությունների վրա, հայտարարեց.

«Տասնամյակների ընթացքում ձևավորված հայկական կողմի բանակցային դիրքերը այդ տեսակ հայտարարություններով պարզապես անէանում են:
Ես կարծում եմ, որ Երևանում կա քաղաքական որոշում՝ արցախյան հիմնահարցում քաղաքական պահանջներ հնչեցնելուց զերծ մնալու քաղաքականություն վարել:
Հայաստանի իշխանություններն ամենայն հավանականությամբ շարունակելու են սոցիալ-տնտեսական աջակցություն ցուցաբերել Արցախին, սակայն արդեն որոշում կա, որ քաղաքական հարթությունում Երևանն այլևս անելիք չունի, և վերջին շրջանի բոլոր հայտարարությունները մեծ հաշվով վկայում են դրա մասին:
Ալիևի հայտարարություններին առնվազն ԱԳՆ մակարդակով արձագանքում են, բայց կոնկրետ երկրի ղեկավարի մակարդակով տեսնում ենք որոշակի հետընթաց, որը թույլ է տալիս անել այնպիսի եզրահանգումներ, որ հայկական կողմի համար արցախյան հակամարտությունն առաջնային չէ»,- ընդգծեց Գրիգորյանը:
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է իր թույլ տված ներկա, նախկին և ապագա սխալների պատասխանատվությունը դնել այլ դերակատարների վրա՝ տվյալ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի, որովհետև այդ շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախագահում:
Այս պահելաձևին մենք ականատես ենք պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, պատրաստ չլինելով ստանձնել պատասխանատվություն, փորձում է մեղավորների փնտրտուքի գործընթաց սկսել: Եվ միայն այսպես են բացատրվում նրա հայտարարությունները»,- հայտարարեց քաղաքագետը:
Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ չկար որևէ նոր բան, Փաշինյանը կրկնեց այն բոլոր թեզերը, որոնք հնչեցրել էր դեկտեմբերին:
Անահիտ Չալիկյան