ՆորություններՍպորտ

Շատ ոգևորված եմ. 17-ամյա Մարիամ Մկրտչյանը՝ Հայաստանի չեմպիոնությունը նվաճելուց հետո

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն, 17-ամյա Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում:Սա Մարիամի 4-րդ մասնակցությունն էր Հայաստանի առաջնությանը: Ասում է՝ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, շախմատ խաղին  էլ առաջին անգամ ծանոթացել է դպրոցում, երբ այն մտել է կրթական ծրագիր.

«Առաջին մարզիչս եղել է իմ շախմատի ուսուցիչը Սևակ Բաղդասարյանը, ում հետ 2014 թվականին դարձել եմ մինչև 10 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն: Մարզիչներս եղել են նաև Արարատ Սանթրյանը, Արտաշես Մինասյանը, իսկ այժմ մարզվում են գրոսմայստեր Վահե Բաղդասարյանի հետ»,- պատմում է Մարիամը:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, Մարիամի խոսքով շատ ոգևորված է, մտադիր է շարունակել աշխատել՝ ավելի ուժեղանալու համար.

«Մրցաշարն ընդհանուր առմամբ ինձ համար հաջող ստացվեց: Վերջում կարողացա հավաքվել և լավ հանդես եկա՝ առաջին հորիզոնականը զբաղեցնելով: Սա իմ առաջին չեմպիոնությունն էր, ինչի համար շատ ոգևորված եմ: Ցանկանում եմ աշխատել ու աշխատել՝ ավելի ուժեղանալով»:

Երիտասարդ շախմատիստուհին, խոսելով առաջնությունում անհաջող մեկնարկի մասին, նշում է՝ մայրիկի ու մարզիչների օգնությամբ է կարողացել հավաքվել և բեկել առաջնության ընթացքը.

«Լավ էի պատրաստվել առաջնությանն ու արդեն իսկ առաջին համարով էի հանդես գալիս: Այսինքն իմ վարկանիշն ավելի բարձր էր, քան իմ մրցակիցներինը: Այդուհանդերձ, մրցաշարը սկսեցի բավականին վատ. երկրորդ տուրից հետո գտնվում էի նախավերջին հորիզոնականում, բայց ի վերջո կարողացա մայրիկիս ու մարզիչներիս օգնությամբ հավաքվել և մրցաշարի մյուս մասը լավ անցկացնել:

Պարտիաներից հետո առաջինը մայրիկիս էի զանգում, հետո դրանք քննարկում էի մարզիչներիս հետ: Նրանց հետ շատ եմ կիսվում ու նրանք ինձ շատ են օգնում. կարելի է ասել՝ իմ հաջողության գրավականը հենց նրանց մեջ է»:

Իսկ անհաջող մեկնարկի պատճառն, ըստ Մարիամի, նախամրցաշարային լարվածությունն էր.

»Նախամրցաշարային լարվածությունն ինձ միշտ շատ է խանգարում ու թույլ չի տալիս, որ իմ բոլոր ուժերով կենտրոնանամ պարտիաներիս վրա: Մրցաշարի կեսից լարվածությունը թուլանում է և ես ավելի հանգիստ եմ փորձում խաղալ պարտիաները»:

Հիշեցնենք՝ վերջին՝ 9-րդ  տուրից  առաջ,  Մարիամ Մկրտչյանն  ու  Մարիա  Գևորգյանը  հավասար  միավորներով  կիսում էին  առաջատարությունը,  բայց վերջին  տուրում մրցել են միմյանց դեմ, ու պարտիան ավարտվել է Մկրտչյանի հաղթանակով:

Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանը 7 միավորով միանձնյա գլխավորել է կանանց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հայաստանի նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակեց Մարիա Գևորգյանը:

Back to top button