Նորություններ

Գյումրին Ամանորին զբոսաշրջային ամենապահանջված ուղղություններից էր

Նոր տարվա օրերին քաղաքի հյուրանոցներում ու հյուրատներում գիշերակացի տեղեր չեն եղել: Գյումրին, ըստ Նաիրա Գրիգորյանի, ունի զարգացած քաղաքային տուրիզմ՝ ի տարբերություն, օրինակ, Վանաձորի:

Օտարերկրյա զբոսաշրջիկների և Հայաստանի այլ տարածքների այցելուների համար Գյումրին այս տարի էլ տոնական օրերն անցկացնելու պահանջված վայր էր: Նոր տարվա օրերին քաղաքի հյուրանոցներում ու հյուրատներում գիշերակացի տեղեր չեն եղել, ավելին, գիշերելու տեղ չգտնելու պատճառով որոշ այցելուներ ու զբոսաշրջիկներ ստիպված են եղել ուղղություն փոխել կամ իրենց տներ վերադառնալ:

Այս մասին ԳԱԼԱ-ի թղթակցին հայտնեց ՄԱԿ-ի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանը, ով նաև Շիրակի մարզի առաջին տուրիստական կազմակերպության հիմնադիրն է: Նրա խոսքերով՝ տոնական օրերին զբոսաշրջիկների ու այցելուների գիշերակացի խնդիր այս տարի եղել է հանրապետության բոլոր տարածքներում, նաև սրանով պայմանավորված՝ շատ մարդիկ Ամանորը չկարողացան դիմավորել իրենց նախընտրած վայրերում ու ստիպված եղան մնալ տանը:

Լուսինե Մոսոյան

«Գյումրի թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Լուսինե Մոսոյանն էլ տեղեկացրեց, որ Երևանի տուրիստական կազմակերպությունները Գյումրու հյուրանոցների համարներն ու որոշ հյուրատներ նախապես էին ամրագրել, անկախ նրանից՝ այցելուներ կային, թե ոչ, բայց և վստահ էին, որ Ամանորին կկարողանան համապատասխան այցելուների քանակ ապահովել: Այս ամրագրումներից հետո, ըստ Լուսինե Մոսոյանի, անցած տարվա դեկտեմբերի սկզբին արդեն Գյումրու հյուրանոցներում ազատ տեղեր չկային: Իսկ հյուրատներում ակնհայտ գնաճ էր:

Տուրիստական կազմակերպության ղեկավարն է նշում, որ հյուրատուն կար, որ դեկտեմբերի 15-ին ամանորյա օրերի գիշերակացը 2-անգամյա սննդի հետ միասին սահմանել էր 150.000 դրամ, ինչը շատ թանկ է: Լուսինե Մոսոյանի խոսքերով՝ երևանյան տուրիստական ընկերությունների նախապես ամրագրումներից հետո տուժել էին տեղի տուրկազմակերպությունները, քանի որ չէին կարողացել իրենց այցելուներին տեղավորել: Ասում է՝ իրենք մեծ գումարներ չունեն, որ միանգամից մի ամբողջ հյուրանոցի բոլոր համարները վերցնեն՝ երաշխիք չունենալով՝ հյուրեր հետո կկարողանան ապահովել, թե ոչ:

Ինքը դեկտեմբերի 20-ին այցելու է ունեցել, ում գիշերակացը Գյումրիում չի կարողացել ապահովել տոնական օրերին և 4-5 համար վերցրել է Լոռի հյուրանոցում՝ վստահ լինելով, որ գոնե այդքան այցելու կունենա: Ամանորյա տուրիստական բումը Գյումրիում եղել է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը: Ամանորյա ոչ աշխատանքային օրերը պակասեցնելը նաև զբոսաշրջության ցուցանիշի վրա է ազդել: Լուսինե Մոսոյանն ասում է, որ նախորդ տարիներին հյուրանոցների համարները ամրագրում էին մինչև հունվարի 5-ը, 6-ը, այս տարի՝ մինչև 3-ը:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրի այցելող զբոսաշրջիկները ժամանցի վայրերի հետ կապված խնդիր ունեին, փակ էին ռեստորանները, թանգարանները և սննդի կետերը, Նաիրա Գրիգորյանի վստահեցմամբ, հիմա այդ խնդիրը չկա, հունվարի 2-ից Գյումրու թանգարաններն աշխատել են, ռեստորաններն էլ, կարելի է ասել, փակ չեն մնացել: Այսինքն, սպասարկող ընկերությունների ղեկավարները հասկացել են, որ իրենց բիզնեսն աշխուժացնելու համար լավ շրջան է Ամանորը, և այդ առիթը չպետք է բաց թողնել:

Նաիրա Գրիգորյան

Գյումրին, ըստ Նաիրա Գրիգորյանի, ունի զարգացած քաղաքային տուրիզմ՝ ի տարբերություն, օրինակ, Վանաձորի: Նաև Գյումրին դրանով առանձնահատուկ է ու ինքնատիպ:

— Գյումրիում երկրորդ անգամ է, որ տուրիստական նման մեծ հոսք է լինում,- ասում է Նաիրա Գրիգորյանը: Ըստ նրա՝ մեկ էլ տուրիստական նման բում եղել էր 2019 թվականի սեպտեմբերին, երբ Անկախության տոնը նշվեց Գյումրիում: Նաև այդ ժամանակ գիշերակացի տեղերը չեն հերիքել: ՄԱԿ-ի Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի ղեկավարի դիտարկմամբ՝ այն ժամանակ Գյումրիում խայտառակ վիճակ էր, հյուրանոցներում ու հյուրատներում միասին  գիշերակացի մահճակալների թիվը 2100 էր, հիմա այդ թիվը կրկնապատկվել է, 4300-4500 է, բայց դարձյալ չի հերիքում: Ըստ փորձագետի՝ հանգստյան օրերի համար բավարար է, ամանորյա տոների համար՝ ոչ: Նաև հյուրատների ծառայությունների մատուցման որակն է բարձրացել: Գյումրիում կա ևս 2 հյուրանոցի կառուցման ծրագիր և ակնկալվում է, որ մինչև 2023 թվականը գիշերակացի տեղերի թիվը մարզում կավելանա ևս 120-ով:

 

Կարինե Կազարովա

Back to top button