ՆորություններՍպորտ

Բաչկովը բրիտանացի մարզիչի հետ կպատրաստվի պրոֆեսիոնալ ռինգում երրորդ մենամարտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երրորդ մենամարտը կանցկացնի մարտի 19-ին Դուբայում:

Այդ մասին գյումրեցի բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում: Ինստագրամի եւ Ֆեսյբուքի պաշտոնական էջերում Հովհաննես Բաչկովը ներկայացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր նոր մարզիչին՝ բրիտանացի Դեննի Վոանին, որը MTK Global մենեջերական ընկերության գլխավոր մարզիչն է:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը առաջիկա մենամարտին կնախապատրաստվի Դեննի Վոանի գլխավորությամբ:

Բրիտանացի մարզիչն ինստագրամի էջում պաշտոնապես ներկայացրել է իր նոր սանին:

«Ծանոթացեք, հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկով: Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ այս պահից ես եմ նրան պատրաստելու առաջիկա մենամարտին, որը տեղի է ունենալու մարտի 19-ին Դուբայում:

Հովհաննես Բաչկովը Հայաստանից է, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, սիրողական բռնցքամարտում աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Պրոֆեսիոնալ ռինգում նա անցակցրել է երկու մենամարտ՝ երկու հաղթանակ: Հովհաննեսն ունի մենամարտելու հետաքրքիր ոճ, որը սիրում են բռնցքամարտի երկրպագուները: Ուրախ եմ լինել այս երիտասարդի պրոֆեսիոնալ բռնցքամարտի կարիերայի մի մասնիկը: Սկսեք հետեւել այս ուժեղ հային, նա շատ համեստ տղա է եւ ապագա աշխարհի չեմպիոն»,- գրել է բրիտանացի մարզիչը:

Դեննի Վոանի գրառումով կիսվել է նաեւ գյումրեցի բռնցքամարտիկը:

Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։ Դա գյումրեցի բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն էր:

Առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Բաչկովը 3 տարվա պայմանագիր էր կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ: 2021թ․ հոկտեմբերի 13-ին Բաչկովը պայմանագիր կնքեց Probellum պրոմոութերական ընկերության հետ:

Back to top button
Close