«Հիմա բոլոր նախադրյալները խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական լարվածությունը գնում է դեպի լայնածավալ պատերազմի». քաղաքագետ
«Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ այլևս ի վիճակի չեն հետքայլ կատարելու, հիմա բոլոր նախադրյալները խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական լարվածությունը գնում է դեպի լայնածավալ պատերազմի»
«Այս պահի դրությամբ ռուս-ուկրաինական ռազմական բախումն անխուսափելի է, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն միմյանց հետ վերջնագրերով խոսելով՝ հասել են մի այնպիսի մակարդակի, որից հետո յուրաքանչյուր կողմի հետքայլը նշանակում է աշխարհաքաղաքական դիրքերի, ազդեցության կորուստ:
Հիմա իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ այլևս ի վիճակի չեն հետքայլ կատարելու: Հիմա բոլոր նախադրյալները խոսում են այն մասին, որ ռուս-ուկրաինական լարվածությունը գնում է դեպի լայնածավալ պատերազմի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանի լարվածությանը:
Սարո Սարոյանի խոսքով՝ Արևմուտքի և Ռուսաստանի կարմիր գծերը վաղուց են հատվել, և նրանք միմյանց արդեն վերջնագրեր են ներկայացնում:

«Ռուսաստանը ներկայացրել է վերջնագիր, որպեսզի ՆԱՏՕ-ն իր ծավալումը դադարեցնի Արևելյան Եվրոպայում և դուրս գա Բուլղարիայից և Ռումինիայից: Դրանք շատ մեծ տեղաշարժեր են ենթադրում: Բացի դրանից, Ռուսաստանը պահանջում է վերադառնալ 1997թ.-ի դրությամբ Եվրոպայում եղած սահմանագծերին Արևմուտքի և Ռուսաստանի միջև:
ԱՄՆ-ն, ըստ էության, խնդիր ունի Ուկրաինայի հարցում, Սև ծովում ծավալվելու և իր շահերը պաշտպանելու և նույնպես ոչ թե տեղի է տալիս կամ գնում է իրական բանակցությունների կամ հարաբերությունների կարգավորման, այլ պահանջներ է ներկայացնում:
Այս ամենը կարմիր գծեր են, որոնք այլևս հատվել են, և դրանով է պայմանավորված պատերազմի անխուսափելիությունը»,- նշեց Սարո Սարոյանը:
Հայաստանը արդյո՞ք ՀԱՊԿ-ի շրջանակում կունենա ներգրավվածություն հնարավոր պատերազմական գործողություններին:
Հարցին ի պատասխան՝ Սարո Սարոյանը հայտարարեց.
«ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանը գոնե քաղաքականապես ներգրավվածություն ունենալու է, իսկ ռազմական տեսանկյունից ինչպիսի մասնակցություն կունենա՝ կախված է Հայաստանի գործող ղեկավարների վարած քաղաքականությունից: Այստեղ կարող ենք ասել, որ այն զարգացումները, որ եղել են վերջին երկու տարիների ընթացքում, ապա քիչ հավանական է, որ Հայաստանը կարողանա կամային վարք դրսևորել: Հայկական կողմը Հայաստանի ռազմական ներգրավվածության հարցում սպասելու է Ռուսաստանի դիրքորոշմանը»,- հայտարարեց քաղաքագետը:
Սարո Սարոյանի գնահատմամբ՝ այս փուլում տարածաշրջանում իրավիճակը հանգիստ է այնքանով, որքանով Թուրքիան և Թուրքիայի կամակատար Ադրբեջանը սպասում են Արևմուտք-Ռուսաստան կոնֆլիկտի հանգուցալուծմանը:
«Շատ բան կախված է այդ կոնֆլիկտի, ռազմական գործողությունների ինտենսիվությունից:
Թուրքիան ընդգրկված է Ուկրաինայում և փորձում է Ուկրաինայում երկակի խաղեր խաղալ. մի կողմից ՆԱՏՕ-ի անդամ է, մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի, այնպես որ փորձում է այս կոնֆլիկտից շահած դուրս գալ և բոլոր սառեցման գործընթացներն իր ձեռքերով իրականացնել»,- եզրափակեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Անահիտ Չալիկյան