Սիրահարների կամուրջն ու Հաշտեցման նստարանը

Լուժկովի կամ Սիրահարների կամուրջը գտնվում է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակին կից, Լավրուշինյան նրբանցքի դիմաց, համարվում է Տրետյակովյան ճարտարապետական համալիրի մաս, այդ պատճառով անվանվել է նաեւ Տրետյակովյան կամուրջ: Ինչպես պնդում են մոսկվացիները, կամուրջն անվանվել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պատվին: Տարածքում տեղադրված ծառների վրա տարիների ընթացքում կուտակվել են նորապսակների կողմից ամրացված հազարավոր կողպեքներ` սիրո խոստովանություններով:
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատախումբը նկարահանումներ է կատարել Սիրահարների կամրջի տարածքում, զրուցել նորապսակների հետ:
Սիրահարների կամուրջը գտնվում է Մոսկվայի կենտրոնական հատվածներից մեկում` մի կողմում Տրետյակովյան պատկերասրահն է, մյուս կողմից հրաշալի զբոսայգին: Այստեղից ուղեւորվում են նաեւ Մոսկվա գետի վրայով ուղերթներ իրականացնող զբոսանավերը: Տարածքը մշտապես մարդաշատ է, այն ոչ միայն հարսանքավորների, այլեւ աղմկոտ ընկերախմբերի եւ զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:
Տրետյակովյան պետական պատկերասրահը, որը գտնվում է Սիրահարների կամրջից ընդամենը 100 մետր հեռավորության վրա, հիմնադրվել է 19-րդ դարակեսին: Լավրուշինյան նրբանցքում գտնվող թանգարանային համալիրում ներկայացված են 11-ից 20-րդ դարերի ռուսական մշակույթի հատընտիր նմուշներ, հայտնի նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ: Համալիրն ընդգրկված է զբոսաշրջային տուրերի փաթեթներում, այն նաեւ պաշտոնական այցելությունների մաս է կազմում, թեեւ Հայաստանի նախկին առաջին տիկիններից մեկն այդ օրը հաստատ պաշտոնական այցի շրջանակում չէր այստեղ:
Սիրո ծառներն այս տարածքում եղել են վաղուց, սակայն նորերը կամրջի վրա հայտնվել են 2007թ.-ին: Ամուր սերն ու ընտանիքի անխախտությունը խորհրդանշող սովորույթը տասնամյակների պատմություն ունի: Հին կողպեքները, թեեւ ժանգոտած եւ անհրապույր, պահպանվում են: Նորապսակների կողմից ամրացված կողպեքների վրա, անուններից բացի, կարելի է կարդալ երդման, սիրո խոստովանության տեքստեր եւ բանաստեղծություններ:
Տղամարդն իր ազատ կյանքին հրաժեշտ է տալիս` գնալով քաղաքացիական ակտերի գրանցման ծառայություն, որտեղ ամուսնությունը վավերացվում է, իսկ այստեղ նա վավերացնում է ամուրի տղամարդուն բնորոշ անհոգ, անկաշկանդ կյանքին հրաժեշտ տալու իր որոշումը: Տղամարդը կամավոր հրաժարվում է իր անձնական ազատությունից, իր միանձնյա որոշումներից ու քայլերից, եւ ցուցադրաբար դա անում են վկաների ներկայությամբ:
Կամրջի հարեւանությամբ տեղադրված է ինքնատիպ մի կիսակոր նստարան. դա հատուկ այն զույգերի համար է, ովքեր վիճել են եւ հաշտեցման ուղիներ են փնտրում: Հաշտեցման նստարանն այնպիսի կառուցվածք ունի, որ եզրերին երկար ժամանակ նստել հնարավոր չէ, եւ տարբեր կողմերում տեղավորված ամուսինները վերջիվերջո հայտնվում են կենտրոնում եւ հպվում միմյանց: Եվ այստեղից էլ մեկնարկում է հաշտեցման գործընթացի առաջին փուլը:
Էդուարդ Մխիթարյան
ՌԴ, ք.Մոսկվա