Նորություններ

«Արմեն Սարգսյանի հրաժարականի հետևում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են ուրվագծվում»

«Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը որևէ կերպ չէր մտնում Արմեն Սարգսյանի պատկերացումների, երազանքների կամ քաղաքական նպատակների մեջ»

«Արմեն Սարգսյանի հրաժարականի հետևում շատ լուրջ քաղաքական  գործընթացներ են ուրվագծվում: Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն այս անգամ ևս նախընտրել է առանց խաղաքարտերը բացելու, առանց  հանրությանը իրազեկելու պարզապես ժամանակին հետ քաշվել, որպեսզի պատասխանատվություն չկրի  Հայաստանի համար շատ վատ զարգացումների համար: Ամեն դեպքում դրա համար  էլ ենք շնորհակալ, որ չի կամեցել մասնակիցը լինել: Արմեն Սարգսյանի ժամանակը սպառվել է, որովհետև մեզ սպասում են նոր հայաստանակործան «ցավալի զիջումներ», ադրբեջանական նոր սողացող կտրուկ զավթումներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի հրաժարականին:

Ըստ Ալեքսանդր Քանանյանի՝ Արմեն Սարգսյանն իր այս քայլով մեծապես  դժվարացնում է կամ անսպասելի խոչընդոտներ է ստեղծում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և խոչընդոտում է դրանց «հանգիստ» և «խաղաղ» ընթացքին:

Ալեքսանդր Քանանյան

««ՔՊ»-ն քաղաքական որոշում ունի Հայաստանում վերադարձնել կիսանախագահական կառավարման մոդելը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն էլ ավելի լայն լիազորություններով կարողանա ընտրվել և շարունակել իշխել Հայաստանում որպես ՀՀ նախագահ»,- հայտարարեց քաղաքագետը:

Քանանյանի խոսքերով՝ Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու պահից ի վեր շատ երևացող կերպով նախաձեռնել է իր սեփական քաղաքական թիմի ձևավորման աշխատանքները:

«Արմեն Սարգսյանը նախագահ դառնալու պահին Սերժ Սարգսյանին հաճախորդ էր, և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը որևէ կերպ չէր մտնում Արմեն Սարգսյանի պատկերացումների, երազանքների կամ քաղաքական նպատակների մեջ, բայց, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը շարունակել է քաղաքականապես գոյակցել Փաշինյանի վարչակազմին:

Շատ վատ է, որ նա որևէ կերպ չի ընդդիմացել, չի դատապարտել կամ գոնե հրաժարական չի տվել նոյեմբերի 10-ին՝ տխրահռչակ, հայաստանակործան դավաճանագրի ստորագրման պահին, և դրանով նա նույնպես անուղղակիորեն, բայց  պատասխանատվության իր բաժինն է կրում Հայաստանի համար այդ ճակատագրական իրադարձության համար:

Բնականաբար միշտ կար զգալի լարվածություն, որը երբեմն երևում էր, բայց շատ ավելի հաճախ այդքան էլ չէր երևում, բայց այս պահին քաղաքական համակեցության շրջանը մոտենում է ավարտին»,-նշեց Ալեքսանդր Քանանյանը:

Քաղաքագետի կարծիքով՝ Արմեն Սարգսյանի փոխարեն ով կընտրվի նախագահ՝ երկրորդական է, որովհետև նա ևս լինելու է անցումային անձնավորություն:

Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի հրաժարականը կարող էր նաև պայմանավորված լինել ռուս-ուկրաինական հնարավոր բախումներով, այսինքն՝ ՀՀ նախագահը չէր կարող ազդել հնարավոր ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի՝ ՀԱՊԿ շրջանակում խորհրդանշական ներկայության վրա:

«Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը շատ լավ կապեր ուներ ԱՊՀ տարածքում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր, բայց, այնուամենայնիվ, նա ավելի շատ կապված  է արևմտյան շրջանակներից (Բրիտանիայից) և բնականաբար  չէր ուզում լինել այն երկրի նախագահը, որը Ռուսաստանի հետ  միասին Արևմուտքին պատերազմ է հայտարարում Ուկրաինա ներխուժելով»,- եզրափակեց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button