Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի
Վրաստանում ցույցեր կազմակերպած քաղաքացիական ակտիվիստները կոչ են արել Վրաստանի իշխանություններին բացահայտորեն աջակցել Կիևին։
Արևմտյան երկրների և Ռուսաստանի միջև լարվածության աճի ֆոնին Վրաստանում բողոքի ցույցեր են ընթանում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:
Այսօր Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։ Հանրահավաքը կազմակերպել է ընդդիմադիր «Սիրցխվիլիա» («Ամոթ») շարժումը։ Նրանց միացել են քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։
Հավաքվածներն իրենց հետ բերել են Ուկրաինայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ «Ուկրաինան և Վրաստանն առանց Ռուսաստանի», «Մենք երբեք չենք վերադառնա ԽՍՀՄ» և այլ գրառումներով։
Հանրահավաքի մասնակիցներն ընդգծել են, որ իրենց անհանգստացնում է Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի աճող ռիսկը։ Նրանք կարծում են, որ այս դժվարին պահին պարտավոր են համերաշխություն հայտնել բարեկամ ժողովրդին։
Այսօր Քութայիսիում եւս տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Վրաստանում ցույցեր կազմակերպած քաղաքացիական ակտիվիստները կոչ են արել Վրաստանի իշխանություններին բացահայտորեն աջակցել Կիևին։