«Գոնե առաջիկայում մենք լայնածավալ ռազմական գործողություններ չենք տեսնի ռուս-ուկրաինական ճակատում». քաղաքագետ
«Հակված չեմ կարծելու, որ գոնե առաջիկայում մենք լայնածավալ ռազմական գործողություններ կտեսնենք ռուս-ուկրաինական ճակատում»

«Չեմ կարծում, որ ռուս-ուկրաինական սահմանի լարվածությունը կբերի լայնածավալ բախման: Թուրքիայի կողմից առաջարկ եղավ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին հրավիրել Թուրքիա՝ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Ռուսաստանից բավականին դրական են արձագանքել այդ առաջարկին: Միևնույն ժամանակ Արևմուտքի արձագանքը ևս նախկին արմատական ձևով չի հնչում, հետևաբար չեմ կարծում, որ առկա լարվածությունը կբերի լայնածավալ ռազմական գործողությունների: Չնայած հիմա մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները և տարբեր երկրներ դեսպանատների միջոցով զգուշացնում են, որ պատրաստվում են էվակուացիայի, բայց բոլոր դեպքերում ես սա գնահատում եմ ավելի շատ որպես ուժի ցուցադրություն, որը կվերածվի բանակցությունների»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածությանը:
Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ը, Արևմուտքը հայտարարում են, որ կոշտ կպատասխանեն Ռուսաստանին, եթե ներխուժի Ուկրաինա։ Ռուս-ուկրաինական հնարավոր բախման դեպքում արդյո՞ք կա մտավախություն, որ Հայաստանը ներգրավվի գործընթացներում՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի գործոնը:

Քաղաքագետը, անդրադառնալով հարցադրմանը, հայտարարեց.
«ՀԱՊԿ-ն անկախ պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով ստեղծված կազմակերպություն է, այսինքն՝ հարձակողական կառույց չէ: Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա, ապա այն պատճառաբանությունները, որոնք եղան Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում (հարձակում չէր անդամ պետության վրա, այլ հարձակում էր չճանաչված պետության վրա, և ոչինչ, որ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը ներգրավված էր ռազմական գործողություններին), այս դեպքում կարող է գործել:
Հակված չեմ կարծելու, որ գոնե առաջիկայում մենք լայնածավալ ռազմական գործողություններ կտեսնենք ռուս-ուկրաինական ճակատում»,- ընդգծեց Պողոսյանը:
Որո՞նք են Արևմուտքի և Ռուսաստանի կարմիր գծերը, և հնարավոր համարո՞ւմ եք հարցի կարգավորումը բանակցությունների միջոցով:
Արա Պողոսյանը հարցին ի պատասխան հայտարարեց.
«Արևմուտքի կարմիր գծերը հետևյալն է, որ իր զորքերը դուրս չի բերելու Արևելյան Եվրոպայի պետություններից, հետևաբար ես հակված չեմ նրան, որ Արևմուտքը կամ Ռուսաստանը այս պահին լայն առումով պատրաստ են գլոբալ փոփոխությունների:
Կարծում եմ, որ կոնֆլիկտը կգնա սառեցման, իսկ կարմիր գծերի հատումը, ըստ էության, վաղուց է տեղի ունեցել՝ դեռևս 90-ականների վերջերից, երբ ՆԱՏՕ-ն սկսեց իր ազդեցությունը տարածել նաև Արևելյան Եվրոպայում և Վրաստանում, բայց դա ևս չբերեց գլոբալ փոփոխությունների Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Կողմերը կարծում եմ, որ որոշակի զիջումների միջոցով կպահեն բալանսը»,- հայտարարեց քաղաքագետը:
Պողոսյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում իրավիճակը պայթյունավտանգ է, որովհետև տեղի են ունենում վերաբաժանումներ, և այն ստատուս քվոն, որ ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այլևս չի կարող գործել:
«Բացի ԱՄՆ-ից և Ռուսաստանից, կան նաև այլ խաղացողներ Եվրասիական տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս, ինչպես նաև այժմ ուժերի հարաբերակցությունն է փոխվել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս երկու գերտերությունները նախկին հզորությունն ու ազդեցությունը չունեն»,- եզրափակեց քաղաքագետ Արա Պողոսյանը:
Անահիտ Չալիկյան