ՄիջազգայինՆորություններ

«Օգնե՛ք, թալիբները եկել են իմ տուն». աֆղանցի կանանց, ովքեր մասնակցել են ցույցին, տանում են զինված անձինք

Զինված անձինք մտնում են տները եւ անհայտ ուղղությամբ տանում ցույցին մասնակցած աֆղանցի կանանց:

20 տարվա դաժան պայքարից հետո, որի ընթացքում սպանվեցին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, «Թալիբան» շարժումը բիրտ ուժի միջոցով զավթեց իշխանությունը երկրում, սակայն նրանց չհաջողվեց վախեցնել աֆղանցի կանանց:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

Այդ կանանցից է Թամանա Զարյաբի Փարիյանին։ Իսկական քաջություն է պահանջվում զինված տղամարդկանց դեմ կանգնելու համար, ովքեր ցանկանում են վերցնել քո կյանքում գրեթե ամեն ինչ:

Անցած շաբաթավերջին Թամանան և մի քանի տասնյակ այլ կանայք մասնակցել են բողոքի ակցիայի՝ պահանջելով վերադարձնել աշխատանքի և կրթության իրավունքը։ «Թալիբանի» զինյալներն արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ:

Ցույցից հետո կանայք վերադարձել են իրենց տները։ Ավելի ուշ զինված անձինք մտել են Քաբուլի բնակելի շենք, որտեղ գտնվում է Թամանա Փարիյանիի բնակարանը։ Նա քույրերի հետ տանն է եղել։ Տղամարդիկ սկսել են ոտքով հարվածել դռանը։

«Խնդրում եմ օգնեք, թալիբները եկել են իմ տուն, տանը միայն քույրերս են»,- աղաչում է Թամանան սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։ «Օգնե՛ք, թալիբները եկել են ինձ մոտ», — ասել է նա, ինչից հետո ձայնագրությունն ընդհատվել է:

Հարեւանները հայտնել են, որ Թամանային եւ նրա 2 քրոջը զինված անձինք տարել են անհայտ ուղղությամբ: Այդ օրը անհետացել է եւս մեկ կին՝ Փարավանա Իբրահիմհելը:

Օգոստոսի 15-ից, երբ իշխանության եկան թալիբները, աֆղանցի կանայք անընդհատ բողոքում են, որ իրենք իրենց տներում գերի են դարձել։ Բայց նույնիսկ այնտեղ նրանք չեն կարող իրենց ապահով զգալ։ Աֆղանստանի մշակույթում անընդունելի է համարվում տուն մտնելը, որտեղ միայն կանայք են։ Եվ այն բանից հետո, երբ բոլոր կին ոստիկանները հեռացվեցին աշխատանքից, թալիբներն այլևս չունեն կին սպաներ, ովքեր կարող էին հարցաքննել կանանց:

«Թալիբանի» իշխանության ներքո Աֆղանստանը դարձել է աշխարհում միակ երկիրը, որտեղ պաշտոնապես սահմանափակված է կանանց կրթությունը։ Թալիբների համար լուրջ խնդիր են մնում աֆղանցի կանանց մշտական ​​բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են հարգել իրենց իրավունքները։

Back to top button