Նորություններ

«Կարմիր խաչը» պիտի սնունդ բաժաներ, բայց չեն կարողացել գյուղ հասնել. Բարձրավանի համայնքապետ

«Եղանակային պայմանները փոխվեցին, և դա նոր խնդիրներ է ստեղծել մեր գյուղերում: Բուք է սկսվել, ձյուն է, ճանապարհները փակվել են»,- հայտնել է Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանը:

«Ամսի 19-ից եղանակային պայմանները փոխվեցին, և դա նոր խնդիրներ է ստեղծել մեր գյուղերում: Կարմիր խաչի կազմակերպությունը մեր գյուղ պիտի սնունդ բաժաներ, այլընտրանքային ճանապարհով պիտի հասնեին գյուղ, բայց չեն կարողացել, որովհետև բուք է սկսվել, ձյուն է, ճանապարհները փակվել են: Գիտեք, որ այլընտրանքային ճանապարհը դեռևս պատրաստ չէ, և պարզ էլ չէ, թե երբ վերջնական պատրաստ կլինի:

Ես որոշեցի «Ուրալ» մեքենայով «Կարմիր խաչ»-ին ընդառաջ գնալ, բայց չկարողացա, ճանապարհն անանցանելի է: Կարող ենք ասել, որ այս պահին այդ այլընտրանքային ճանապարհն էլ չենք կարող օգտագործել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Սյունիքի մարզի Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանը:

Ավագյանի փոխանցմամբ՝ մինչև նոր իրավիճակը սահմանապահ զորքերի տրամադրած ավտոբուսով շաբաթվա մեջ 2 անգամ անվճար մարդկանց  տանում-բերում էին Գորիս:

«Մարդիկ գոնե չէին կտրվում մարզկենտրոնից, իրենց խնդիրներն էին լուծում էդ ընթացքում:

Ճանապարհը փակվել է, հատկապես մեր գյուղը էս պահին կտրված է ու մեկուսացած: Մարդիկ մտահոգված են, որովհետև իրենց խնդիրները  իբր քիչ են, հիմա էլ եղանակը, մարդիկ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ ունեն:

Մենք ոչնչից չենք բողոքում, մենք կարող ենք մեր հոգսերը հոգալ… մենք այսօր խնդիր ունենք գնալ-գալու հետ  կապված: Քանի դեռ ձմեռը շատ խորը չէր, մի կերպ կարող էինք կազմակերպել մեր ներս ու դուրս անելը, բայց հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու:

Նույն խնդիրը կա նաև Որոտանում, Շուռնուխում. մենք անընդհատ գյուղապետերով կապի մեջ ենք, անհրաժեշտության դեպքում օգնում ենք իրար, ինչպես հնարավոր է:

Մենք հո չենք ասում, որ մեզ հաց տվեք կամ սնունդ, այլ ուզում ենք, որ լուծվեն խնդիրները, որ այսօրվա օրով չկանգնենք նման փաստի առաջ»,- եզրափակեց Բարձրավանի համայնքապետ Օնիկ Ավագյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button