Նորություններ

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել. աշխատանքների մասին պատմում է տնօրենը

Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցավ հայոց բերդաքաղաք Շուշին, որն Արցախում թանգարանների քաղաք էր համարվում։

 «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, սակայն, այդ ամենից հետո անգամ շարունակեց իրականացնել իր գործունեությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանն ասել է, որ, չնայած այն հանգամանքին, որ չունեն մշտական ցուցադրության և թանգարանային գործունեության լիարժեք պայմաններ, «Շուշի քաղաքի թանգարաններ»-ի աշխատակազմը շարունակում է տարաբնույթ ծրագրեր իրականացնել Ստեփանակերտում և գյուղական համայնքներում:Բնութագրությունը հասանալի չէ

«Մեզ պատուհասած պատերազմի ընթացքում, ցավոք, Շուշիի թանգարանները և հավաքածուները մնացել են թշնամու վերահսկողության տակ՝ բացառությամբ Կերպարվեստի թանգարանի հավաքածուի մի շարք գեղանկարների,որոնք պատերազմի օրերին ցուցադրված էին դպրոցներում։ Անցած տարում Թանգարանը իր արհեստավարժ մասնագետների ուժերով իրականացրել է կրթական ոչ ֆորմալ ծրագրեր դպրոցականների համար, կազմակերպել է ցուցահանդեսներ, արտ-թերապիա, ձեռարվեստի վարպետության դասեր, արվեստի պատմության դասախոսություններ և հանդես եկել այլ նախաձեռնություններով։
Այս կարճ ժամանակամիջոցում մեր մասնագետներն կազմակերպել և կազմակերպում են «Կրի՛ր արվեստ» (գեղանկարչության դաս դպրոցականների համար), «Բացահայտենք մանրանկարչության գաղտնիքները» (դաս երեխաների համար) խորագրերով դասեր, Արվեստի պատմության դասախոսություններ, Ձեռարվեստի վարպետության դասեր, Տիկնիկագործություն մեծերի համար, «Իմ դիմանկարը» խորագրով միջոցառումներ»,-ներկայացրել է Լ. Գասպարյանը։
Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, երեխաների հետ է և յուրաքանչյուր իրավիճակում փորձում է գտնել ստեղծված խնդիրների հաղթահարման ճանապարհներ: Կարևորելով պատերազմից տուժած երեխաների հոգեկան առողջությունը` տեղահանված երեխաների հետ արտթերապևտիկ աշխատանքներ է տարել, որոնց մասնակցել են երեխաներ բռնազավթված համայնքներից։

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանումը 2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է կրրթական ծրագրեր Ստեփանակերտում և Արցախի տարբեր համայնքների դպրոցներում (Խանցք, Հացի, Խրամորթ, Ծովատեղ,Մաճկալաշեն,Աստղաշեն,Սարուշեն,Մարտակերտ,Մաղավուզ), որոնց մասնակցել են 1500-ից ավելի դպրոցականներ: Օգոստոսի 28֊ին կազմակերպվել է թանգարանի հավաքածուի պահպանված գեղանկարների ցուցադրություն Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում։

Բնութագրությունը հասանալի չէ

Սեպտեմբերի 19֊ին Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում կազմակերպել է միջազգային ֆոտոցուցահանդես` «Իմ հայրենիք» խորագրով։ Սեպտեմբերի 25-ին թանգարանը «Մանրանկարչությունը` որպես արվեստի բացառիկ համընդգրկուն արժեք» ծրագրով մասնակցել է «Եվրոպական ժառանգության օրեր» նախագծին: Հոկտեմբերին թանգարանը իրականացրել է կերպարվեստի վարպետության դասեր Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հիմնական դպրոցի աշակերտների համար:

Նոյեմբերին թանգարանը մասնակցել է «Այվազովսկին Ստեփանակերտում» ծրագրի` շրջանակներում իրականացվող միջոցառումներին, կազմակերպել է «Գեղանկարչության ծովակալը» խորագրով գեղանկարի վարպետության դասեր։ Անցած տարում «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի պատվիրակությունը. այցի շրջանակներում կազմակերպվել է Կերպարվեստի թանգարանի հավաքածուի պահպանված գեղանկարների ցուցադրություն և ձեռարվեստի վարպետության դաս՝ դպրոցականների մասնակցությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Դեկտեմբերի 5-ին ԱՀ ԱԺ-ում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի և ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովների համատեղ նիստում հանդես եմ եկել թանգարանի կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասին զեկույցով:

Դեկտեմբերի 8-ին կազմակերպվել է գեղանկարիչ Սևադա Սարգսյանի անհատական ցուցահանդեսը: Դեկտեմբերին թանգարանի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում անցկացվել են ամանորյա խորհրդանշական բացիկների, կերպարվեստի նվերների պատրաստման վարպետության դասեր, իսկ Ամանորին ընդառաջ «ԱՀ նկարիչների միավորում» ՀԿ-ի հետ կազմակերպել ենք արցախցի ժամանակակից գեղանկարիչներիչ ցուցահանդես»,-պատմել է տնօրենը։

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը հավաստիացրել է՝ կշարունակեն իրականացնել ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, կկազմակերպեն նկարիչների, գեղանկարիչների աշխատանքների ցուցադրություն՝ այդպիսով պահպանելով արցախյան մշակույթը։

Back to top button