ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել Սու-35Ս կործանիչներ

Անձնակազմերը Սու-35Ս կործանիչներով առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում:

Ռուսական բազմաֆունկցիոնալ Սու-35Ս կործանիչները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու «Միութենական վճռականություն — 2022» համատեղ զորավարժություններին։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Անձնակազմերն առավելագույն հեռահարության թռիչքներ կփորձարկեն՝ վայրէջքներ կատարելով բելառուսական օդանավակայաններում, ինչպես նաև կվերապատրաստվեն Սու-35Ս կործանիչներով կրկնակի թռիչքներ իրականացնելու համար, շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկու դիվիզիոն է ուղարկվել հարեւան պետություն: Մինչ այդ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր զորավարժություններին Պանցիր-Ս զենիթահրթիռային համակարգեր ներգրավելու մասին:

Զորավարժությունները կանցկացվեն փետրվարի 10-ից 20-ը, նշել են ՊՆ-ից։ Մասնակցող զինվորականների և տեխնիկայի քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Ռուսաստանյան զորքերն Ուկրաինայի սահմանի մոտ

Վերջին ամիսներին Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև լարվածությունը զգալիորեն աճել է։ 2021 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնությունը մոտ 100 հազար զինվորական է տեղակայել բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին:

Արևմուտքը կոչ է անում Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայի սահմանից և սպառնում է աննախադեպ պատժամիջոցներով։ Մյուս կողմից Ռուսաստանը մեղադրում է արևմտյան երկրներին Ուկրաինային զինելու և ՌԴ սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելու մեջ։

Back to top button