ՄիջազգայինՆորություններ

Ուկրաինան ԱՄՆ-ից սպառազինության նոր խմբաքանակ է ստացել, այդ թվում՝ մահաբեր

Պետքարտուղարը դա անհրաժեշտ պայման է համարել, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից»։

Ուկրաինան ստացել է ԱՄՆ ռազմական օգնության առաջին մասը, հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է BBC-ն:

«Անվտանգության ապահովման համար նախատեսված փաթեթի մի քանի խմբաքանակներից առաջինը, որը վերջերս հաստատվել էր Ուկրաինայի համար նախագահ Բայդենի կողմից, այս գիշեր հասել է Կիև», — ասվում է դեսպանատան Twitter-յան էջում:

«Այդ բեռը ներառում է մոտ 90 տոննա մահաբեր զենք»,-հայտնել են ամերիկացի դիվանագետները՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ-ն կոնկրետ ինչ է մատակարարել Կիևին։

«Այս օգնությունը, գումարած 2014 թվականից ի վեր Ուկրաինային տրամադրված ավելի քան 2,7 միլիարդ դոլարի աջակցությունը ցույց է տալիս Միացյալ Նահանգների վճռականությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական աճող ագրեսիայի ֆոնին»,-նշվում է հաղորդագրությունում:

 Սպառազինություն Ուկրաինային՝ Բալթյան երկրներից

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով ուրբաթ օրը անարդյունք բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, աջակցել է Ուկրաինային պաշտպանական զենքի փոխանցմանը ՆԱՏՕ-ի բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի կողմից:

Պետքարտուղարը դա անհրաժեշտ պայման է համարել, որպեսզի Ուկրաինան կարողանա «պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ուկրաինական բանակին հատկացրել էր NLAW հակատանկային հրթիռային համակարգերի խմբաքանակ։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները բացառում են իրենց զորքերի ներգրավումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր լայնածավալ պատերազմին:

Ռուսաստանը մեղադրանքներ է հնչեցնում Արևմուտքի հասցեին «Ուկրաինան ռազմականացնելու» և այդ երկիրը դեպի ՆԱՏՕ «ներքաշելու» մեջ։

 

Back to top button