ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը խոստացել է առաջ մղել ՌԴ դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին վստահեցրել է, որ կաշխատի դեմոկրատների կողմից Ուկրաինայի վրա հարձակման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի հաստատման վրա:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Fox News-ը։

Փելոսին այս դիրքորոշումն արտահայտել է իր գործընկեր կոնգրեսականներին ուղղված նամակում։

Օրինագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Նյու Յորքից դեմոկրատ Գրեգորի Միքսը։ Սա նման է օրինագծին, որն ավելի վաղ հունվարին ներկայացրել էին Սենատում մի խումբ դեմոկրատներ:

Դեմոկրատներն այժմ մեծամասնություն ունեն Կոնգրեսի երկու պալատներում, ինչը հավանական է դարձնում օրինագծի ընդունումը: Միևնույն ժամանակ, որոշ սենատորներ, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, մտավախություն ունեն, որ այլ թեմաներով մեծ ծավալի աշխատանքի պատճառով իրենք բավարար ժամանակ չունեն այս փաստաթուղթը քննարկելու համար։

Այս շաբաթվա սկզբին դեմոկրատները մշակեցին և ներկայացրին օրինագիծ, որով պատժամիջոցներ կսահմանվի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում: Այն ներառում է անհատական պատժամիջոցներ պետության առաջին դեմքերի և բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, ինչպես նաև միջոցներ ռուսաստանյան բանկերի և պետական ​​պարտքի դեմ, պատժամիջոցներ հումքային ընկերությունների սեփականատերերի և «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ։

Back to top button