Նորություններ

«Դա սերունդներին պատերազմ կտակելու միջոց է դառնում». ռազմական փորձագետ

«Չեմ կարծում, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սահմանին կայունություն կբերեն. ես միշտ ասել եմ, որ դա սերունդներին պատերազմ կտակելու միջոց է դառնում». ռազմական փորձագետ

«Զորքերի հայելային հետքաշումը խիստ մտահոգիչ է, որովհետև եթե մենք նայում ենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմաններին, ապա տեսնում ենք, որ Հայաստանի գյուղերը շատ մոտ են սահմանին, և զորքերի հետքաշումը իրենից ենթադրում է, որ զորքերը ոչ թե գյուղից առաջ են լինելու, այլ գյուղից հետո, և, ըստ էության, աբսուրդ բան է ստացվում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Երևանը Մոսկվայի միջոցով սահմանազատման մասին նոր առաջարկներ է ուղարկել Բաքու:

Հովհաննիսյանը, անդրադառնալով ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որը մասնավորապես վերաբերում էր Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ և ադրբեջանական զորքերի հայելային հետքաշմանը, հայտարարեց.

Կարեն Հովհաննիսյան

«Այնպիսի արագությամբ է իրավիճակը զարգանում, որ մենք չենք կարող ասել՝ ամիսներ առաջ արված հայտարարության հիման վրա է գործընթացը լինելու, որովհետև նոր իրողություններ են առաջացել:

Գուցե հայկական կողմը ամեն հանգամանք հաշվի է առել, կամ այլ տարբերակ են առաջարկել: Այս պահին ոչինչ չենք կարող ասել, որովհետև փաստաթուղթը ամբողջությամբ բացահայտված չէ»,- հայտարարեց ռազմական փորձագետը:

ԱԳ նախարարը նաև հայտարարել է՝ քանի դեռ ստեղծված չեն մեխանիզմներ, որոնք կարող են կանխել հետագա բախումները, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծման և աշխատելու հարցում: Ի՞նչ մեխանիզմների մասին է խոսում Միրզոյանը, ի՞նչ նկատի ունի:

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցադրմանը, նշեց.

«Եթե մեխանիզմներում նկատի ունի տեխնիկական մասը, ապա կասեմ, որ չկա որևէ հակամարտող երկիր, որ կարողանա ապահովել այնպիսի տեխնիկական սարքեր, որով հնարավոր կլինի հասկանալ, թե ով է առաջինը խախտել հրադադարը:

Եթե նկատի ունի կազմակերպությունները, ապա հակամարտությունը միջազգային կառույցներում ուշադրության պակաս չի ունեցել:

Այլ հարց է, որ Ադրբեջանը այս փուլում չի գնում կառուցողական ճանապարհով և ամեն ինչ անում է, որպեսզի ցանկացած նախաձեռնություն ձախողվի:

Հայաստանի պաշտոնական հաղորդագրություններից երևում է, որ հայկական կողմը դեմ չէ սահմանագծմանը և սահմանազատմանը»,- նշեց Հովհաննիսյանը:

«Խորհրդային քարտեզները մի քանի քարտեզներ են, ընդ որում, տարբեր ժամանակաշրջանում տարբեր են դրանք:

Ես կարծում եմ, որ ընդհանրապես քարտեզները սահմանագծման և սահմանազատման գործընթացներում պիտի դրվեն մի կողմ: Քարտեզներով սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելուն կարծես թե կողմ է Ռուսաստանը:

Չեմ կարծում, որ այդ քարտեզները հիմք են լինելու, և դրանով է իրականացվելու գործընթացը:

Ես չեմ կարծում, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սահմանին կայունություն կբերեն: Ես միշտ ասել եմ, որ դա սերունդներին պատերազմ կտակելու միջոց է դառնում»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button