Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը

2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է:
Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը 2022 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 66 140 ՀՀ դրամ:
Միաժամանակ հաստատվել է յուրաքանչյուր տարակարգի և գիտական պաշտոնի դրույքաչափի հաշվարկման գործակիցների աղյուսակը: Ըստ այդմ` գիտնականի աշխատավարձի նվազագույն արժեքը հաշվարկվում է վերը նշված բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար: Նշված սանդղակով 2022-2025 թվականների համար նախատեսվել է գիտնականների աշխատավարձերի աստիճանական բարձրացում, որը կապահովի համադրելիություն պետական համակարգի աշխատավարձերի համեմատությամբ:
ԱՂՅՈՒՍԱԿ
ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
Պաշտոն | Գործակից | ||||
2022 թ. | 2023 թ. | 2024 թ. | 2025 թ. | ||
Գիտական պաշտոններ | |||||
Կրտսեր գիտական աշխատող | 1.81 | 2.27 | 2.72 | 3.18 | |
Գիտական աշխատող | 2.27 | 3.02 | 3.48 | 4.17 | |
Ավագ գիտական աշխատող | 3.02 | 3.78 | 4.54 | 5.19 | |
Առաջատար գիտական աշխատող | 3.78 | 5.29 | 6.35 | 6.71 | |
Գլխավոր գիտական աշխատող | 5.55 | 6.80 | 7.56 | 8.36 | |
Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ | |||||
Լաբորանտ կամ ճարտարագետ | 1.55 | 1.66 | 1.81 | 2.09 | |
Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ | 1.66 | 1.97 | 2.36 | 2.71 | |
Գիտական ղեկավար պաշտոններ | |||||
Գիտական խմբի ղեկավար | 3.48 | 4.23 | 5.29 | 6.20 | |
Գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) | 5.29 | 6.05 | 6.80 | 7.21 |
Նշենք, որ 2010 թվականից գիտական աշխատողների աշխատավարձերի վերանայում չի իրականացվել, և ներկա բարձրացումը ոլորտի առողջացմանն ու զարգացմանն ուղղված հիմնարար քայլ է:
Գիտական կադրերի որակավորման գործընթացը կարգավորվում է կառավարության 2001 թվականի N 935 որոշմամբ, որը սահմանում է գիտական պաշտոնների տարակարգերը և դրանց ներկայացվող նվազագույն պայմանները: Ըստ այդմ` հաստատված են հետևյալ գիտական պաշտոնները` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող, գլխավոր գիտաշխատող:
Գիտական կազմակերպությունները, ըստ իրենց մասնագիտական յուրահատկությունների, կարող են սահմանել ատեստավորման հավելյալ պահանջներ: Ատեստավորման գործընթացը վերահսկում է ՀՀ գիտության կոմիտեն:
Առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն ատեստավորման նոր չափանիշները, որոնք հիմք կհանդիսանան 2024 թվականին գիտական կադրերի համապետական ատեստավորման անցկացման համար:
Բազային աշխատավարձերի նորմավորումը, ըստ գիտական կադրերի տարակարգի, կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:
Նշենք նաև, որ բազային աշխատավարձից բացի՝ ակտիվ գիտաշխատողները լրացուցիչ ֆինանսավորում են ստանում պետական և միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերից: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են նաև ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման մրցույթների շրջանակում իրականացվող ծրագրերի քանակն ու դրանցում ընդգրկված գիտաշխատողների թիվը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ