Նվիրումը` անմահություն… Նաիրի Աբրահամյան
Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացան բազմաթիվ քաջորդիներ: Նրանցից է 22-ամյա Նաիրի Աբրահամյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նաիրիի քույրը՝ Նոնա Աբրահամյանը, անսահման կարոտով է խոսում եղբոր մասին: «Եղբայրս ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Սովորել է տեղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում: Այնուհետև ծառայել ԱՀ ՊԲ շարքերում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Նաիրին՝ որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել 3-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի, ականանետի հաշվարկի հրամանատարի պաշտոնում` կրտսեր սերժանտի կոչմամբ: Իր ապրած կարճ կյանքի ընթացքում նա հասցրել է հասկանալ «ապրել» բառի ողջ խորությունը: Բնավորությամբ համառ էր, հաստատակամ, կենսուրախ, չափազանց ընկերասեր»,-պատմել է Ն. Աբրահամյանը: Պատերազմի օրերին մարտնչել է խիզախաբար, առանց մի քայլ նահանջելու։ Հոկտեմբերի յոթին՝ գիշերը, Մարտունու ուղղությամբ մարտական առաջադրանքը կատարելիս թշնամու դիպուկահարի կրակոցից հերոսն անմահանում է։
Նաիրի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով: