Նորություններ

Արցախում այս պահին 2682 բնակարան է կառուցվում․ Արցախի պետնախարարն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 18-ին հանդես է եկել մամուլի մեծ ասուլիսով՝ անդրադառնալով 2021թ. կատարած և 2022թ.-ին նախանշված աշխատանքներին:

Արցախի պետնախարարի գրասենյակից հայտնում են, որ Արտակ Բեգլարյանը նախ անդրադարձել է անմիջապես պետական նախարարի աշխատակազմի կողմից 2021 թվականի ընթացքում մշակված և ԱՀ կառավարության հավանությանն արժանացած ծրագրերին: Մասնավորապես, հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումը, ինչի արդյունքում 1,349 շահառուների մասով կայացվել է բավարարման մասին որոշում:

Հաստատված աջակցության գումարը կազմում է մոտ 6 միլիարդ 726 միլիոն դրամ, որից մոտ 2 միլիարդ 667 միլիոնը` գումարի տրամադրման ձևով: 2021 թվականի ընթացքում Արցախի ներդրումային հիմնադրամն ընդունել է ֆիզիկական անձանց կողմից ներկայացված 46 956 հայտ, որից 8 352-ը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ բավարարված է՝ ավելի քան 10 մլրդ դրամի չափով:

Ա. Բեգլարյանը առանձին անդրադարձ է կատարել նաև բնակարանային ապահովման ծրագրերին: Ստեղծվել և պետական նախարարի կառավարման ներքո գործում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն, որն ընդունում է հայտերը, ուսումնասիրում և հաստատում կամ մերժում է դրանք, ձևավորում հերթացուցակները՝ ըստ ԱՀ կառավարության կողմից սահմանված առաջնահերթության միավորների համակարգի:

Տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության խնդրին գործադիրի հետևողականությունը պետական նախարարը հաստատեց թվերով: Մոտ 16 հազար մարդ այժմ Արցախում օգտվում է վարձակալության ծրագրերից և հյուրանոցային ծառայություններից, զուգահեռաբար կառավարությունը շարունակում է տեղահանված և սոցիալական այլ խմբերի պատկանող անձանց նկատմամբ իր պարտավորությունների կատարումը՝ զարկ տալով բնակարանաշինությանը: Չհաշված վերջին ամիսներին հատկացված բնակարանները՝ այսօրվա դրությամբ Հանրապետությունում  կառուցվում է  2,862 բնակարան, և առաջիկայում նոր ծրագրեր էլ կմեկնարկեն՝ Հանրապետության նախագահի նախանշած առաջնահերթություններին համապատասխան:

Պետական նախարարն անդրադարձել է նաև իր համակարգման ու կառավարման ներքո գտնվող մարմինների գործունեությանը, ոլորտային հիմնախնդիրներին ու առաջիկա ծրագրերին: Համաձայն Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի՝ Արցախում կշարունակվեն անվճար առողջապահության և անվճար կրթության ծրագրերը:

Ի պատասխան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի՝ չեն շրջանցվել նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի անկախության միջազգային ճանաչման, սահմանադրական հնարավոր փոփոխությունների, պաշտոնատար անձանց աշխատանքների արդյունավետության ու թափանցիկության և մի շարք այլ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ:

 

Back to top button