Նորություններ

«Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ». քաղաքագետ

«Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, որովհետև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանն ընկալում է որպես ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնվելուն ուղղված քայլ»

«Պաշտոնական մակարդակով Թուրքիան հայտարարում է, որ իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում  նախապայմաններ առաջ չի քաշում, իսկ հայկական կողմն էլ ձևացնում է, թե հավատում է, որ Թուրքիան առանց նախապայմանների է սկսում հարաբերությունների կարգավորման գործընթացը: Չպետք է մոռանալ, որ Թուրքիան արդեն իսկ առաջ է քաշել նախապայմաններ, և ամենալուրջ նախապայմանն այն է, որ Թուրքիան հայտարարել է, որ իր գործողությունները համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

Քաղաքագետի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ Թուրքիան բանակցությունների ընթացքում առաջ կքաշի նախապայմաններ, և գործընթացը կվիժեցվի:

հայ-թուրքական
Արմեն Բաղդասարյան

«Ամեն անգամ հերթական հանդիպումները կսկսեն հետաձգել և պաշտոնապես  կհայտարարեն, որ դադարեցնում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը: Ամենայն հավանականությամբ այդպիսի զարգացում է կանխատեսվում:

Բացի դրանից՝ Ռուսաստանն էլ շահագրգռված չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, որքան էլ որ պաշտոնապես այլ բան է ներկայացվում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանն ընկալում է որպես ՆԱՏՕ-ի արևելք ընդլայնվելուն ուղղված քայլ: Իրականում դա այդպես է, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումով, ճանապարհների ապաշրջափակումով փաստացի ընդլայնվում է դեպի արևելք, իսկ Հայաստանը չի կարող իր արտաքին, անվտանգային բոլոր խնդիրները փոխանցել Ռուսաստանին և  միաժամանակ անել քայլեր, որոնք Ռուսաստանի շահերին դեմ են:

Դրա համար չեմ կարծում, որ այդ երկխոսությունը հեռանկարներ ունի և դրա հետ պետք է ինչ-որ հույսեր կապել:

Ի տարբերություն նախորդ փորձերին՝ այս անգամ մեր դիրքերը թույլ և խոցելի են, բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը նույնն է: Թուրքիան միշտ առաջ է  բերել նախապայմաններ, իսկ այս անգամ այդ նախապայմաններին ավելացել է նաև Ադրբեջանի գործոնը:

Ադրբեջանը հիմա ներկայանում է որպես հաղթած կողմ և համարում է, որ ունի իրավունքներ Հայաստանին պահանջներ ներկայացնելու, և այդ առումով Հայաստանի դիրքերը թուլացել են»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Ըստ քաղաքագետի՝ գործընթացում Միացյալ Նահանգները շահագրգիռ է, և այդ շահագրգռվածությունն է, որ հայկական կողմին ստիպում է նստել երկխոսության, թեև իրենք էլ են հասկանում, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:

«Քանի որ ԱՄՆ-ի  և Արևմուտքի գործոնը կա, ստեղծվում է երկխոսության իմիտացիա: Մեր խնդիրն է ցույց տալ, որ իրականում Թուրքիան մեզ հետ խնդիր ունի և  ոչ թե մենք իրենց հետ:

Մեր  նպատակը պետք է լինի  հայ-թուրքական հարաբերությունները տարանջատել հայ-ադրբեջանական հարաբերություններից:

Այս պահին կարծես թե դա չի ստացվում, բայց դա չի նշանակում, որ պետք  է կտրուկ հետ քաշվել և հրաժարվել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Արմեն Բաղդասարյանի խոսքերով՝ «խաղաղության դարաշրջան» հնարավոր չէ, քանի դեռ արցախյան հիմնախնդիրը վերջնական լուծված չէ:

«Արցախյան խնդրի  վերջնական կարգավորումը, ցավոք սրտի, այլևս  մեզանից կախված չէ, ավելի շատ կախված  է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններից, հետևաբար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ կախված չէ մեզանից, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը այդ հարցերը փոխկապակցում են»,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Հայաստանի բանագնացը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Հայաստանի ԱԳՆ-ի գնահատմամբ հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Անահիտ Չալիկյան

 

Back to top button