Նորություններ

Կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ քննարկելու այդ օրակարգային հարցերը. Արշակյանը՝ բանագնացների հանդիպման մասին

Առավոտից բավականին թեժ քննարկումներ են գնում Ազգային ժողովում, մասնավորապես, մեր ընդդիմադիր գործընկերները, ինչպես միշտ, բերում են այնպիսի թեզեր, որոնք վերաբերում են ՀՀ իշխանությունների, պետության ունեցած թե՛ բանակցային գործընթացները, թե՛ վարած քաղաքականությունը հարցականի տակ դնելուն։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի անդրանիկ նիստին քիչ առաջ կրքերը թեժացել էին այն բանից հետո, երբ դահլիճում ազդեցության գործակալ լինելու մասին թեզեր էին առաջ բերվում։ Ռուբինյանը հունից դուրս եկավ, երբ իրեն մեղադրեցին Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։

«Հայաստանի անունից Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանի անունը փորձվեց պիտակավորվել իբր՝ Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու շրջանակներում։ Դրան ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը բավականին կոշտ արձագանքեց։ Ըստ էության, իմ ելույթը, որի ընթացքում էլ հենց այս սուր իրավիճակի կուլմինացիան եղավ, չավարտվեց, այսօր հնարավորություն կունենամ ավարտելու։ Իմ ելույթի ընթացքում Ազգային ժողովի դահլիճից հնչել է վիրավորանք իմ հասցեին, ես խոսքիս ընթացքում չեմ լսել այդ վիրավորանքը, բայց գործընկերներս ասացին՝ ուղիղ վիրավորանք է հնչեցվել իմ հասցեին ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի կողմից։ Հույս ունեմ, որ նման դրսեւորումներն իրենց արձագանքը կգտնեն»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Հարցին՝ ի՞նչ բանակցություններ են եղել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների միջեւ, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանում սահմանները լարված են։ Մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել 90-ականներից սկսած։ Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որը մենք հիմա առաջ ենք մղում, հենց միտված է նրան, որ կարողանանք սահմանների եւ ՀՀ-ի անվտանգությունն ապահովել, որպեսզի այլեւս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն։ Դա առաջին հանդիպումն էր բանախոսների եւ նորմալ է, որ շատ ինֆորմացիա չկա։ Թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը չի փոխվել։ Այն հետեւյալն է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պիտի բացվեն եւ հաստատվեն նորմալ դիվանագիտական հարաբերություններ»։

Հարցին՝ որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է, Արշակյանն ասաց. «Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են. մեր կողմը իր օրակարգն է առաջ բերել, Թուրքիայի կողմն էլ իր օրակարգն է առաջ բերել։ Տեղի է ունեցել քննարկում, որից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ քննարկելու այդ օրակարգային հարցերը»։

Լրագրողի այն հարցին, թե Ռուբինյանն  ի վիճակի՞ է հայկական կողմի շահը պաշտպանել,  որ օրինակ՝ ԱԺ-ում իր ինքնատիրապետումը կորցնում է,  Արշակյանը նշեց, որ Ռուբինյանն ինքնատիրապետում է իրեն։

Հարցին՝ հայկական կողմը հասե՞լ է նրան, որ թուրք-ադրբեջանական  կողմը հրաժարվի «Զանգեզուրյան միջանցքից», ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Ես առաջարկում եմ՝ նման հարցերն այսպես չքննարկենք։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջանցքային  տրամաբանություն մենք չենք քննարկելու»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում՝ երբ իշխանությունը բանակցում է թշնամի երկրների ղեկավարների հետ՝ կառուցողական մթնոլորտում է աշխատում, բայց հայրենակիցների հետ մեկ դահլիճում չի կարողանում «լեզու գտնել», Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ թշնամական մթնոլորտ Ազգային ժողովի դահլիճում չկա.

«Կան որոշակի բանավեճեր, որոշակի սրվածություն։ Հայաստանն ունի արտաքին քաղաքական դաշտում օրակարգ, որի շուրջ արդյոք ընդդիմությունը պետք է նույն ծիրի մեջ լինի՞, թե՞ ոչ, նույն շահե՞րն է հետապնդում, թե՞ ոչ, եթե այո, ապա արտաքին բոլոր կազմակերպությունների խորհրդարանական վերաժողովներից ինչու՞ւ է հրաժարվել որեւէ ֆորմատով մասնակցելու։ Պատճառաբանությունն այն է, որ որոշ պատգամավորներ իրավունք չունեն դուրս գալու, որովհետեւ քրեական տարբեր գործերով հետապնդվում են։ Մենք ունենք նախադեպեր, երբ այս կամ այն պետական կամ քաղաքական գործիչը փախուստի մեջ է գտնվում»։

Լրագրողը հիշեցրեց, թե Ռուբինյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքի նույն բովանդակությամբ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ հնչեցրել, Հակոբ Արշակյանը արձագանքեց. «Երբ վարչապետը նման պնդում է ասում, դա հիմնվում է հենց այդ նույն պատգամավորների եւ նույն խմբակցության հայտարարությունների վրա, եւ փաստարկում է։ Երբ որեւէ պետական գործիչ որեւէ բան է ասում, դա պետք է լինի հիմնավորված»։

news.am

Back to top button