ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

Պատերազմում որդուն կորցրած մայրը մեծ դժվարությամբ է ընդունել մայրանալու որոշումը, ասում է՝ հավատում եմ՝ Աստված իմ Վազգենին վերադարձնելու է

«Շատ եմ կարոտել իմ Վազգենին, էնքան ցավոտ է... ես ամեն գիշեր գլուխս բարձին եմ դնում ու երազում, որ գոնե երազումս կտեսնեմ իմ բալին, կգրկեմ ու կարոտս կառնեմ». 19-ամյա հերոսի մայր

«Վազգենս 2019թ. հուլիսին էր զորակոչվել ծառայության, Մարտունի 2-ում էր ծառայում: Հարմարվել էր ծառայությանը, մեզ մի օր նեղություն չտվեց: Ծառայության ընթացքում երբ խոսում էինք, ասում էր՝ մամ, ծառայեմ գամ, ծրագրավորում եմ սովորելու: Շատ չէր խոսում իր երազանքներից, միայն ասում էր՝ եթե Աստված կամենա, տեսնենք՝ Աստված ոնց կկամենա: Դեղագործական բաժնում էր սովորում, բայց չէր սիրում այդ մասնագիտությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վազգեն Սիմոնյանի մայրը՝ Մելինե Ամիրջանյանը:

«Պատերազմի օրերին երբ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Մարտական ընկերոջ պատմելով՝ կռվել են Ջրականում, Հադրութում, Ֆիզուլիում: 5 ընկեր են եղել՝ Վազգենը, Խորենը, Գեղամը և 2 Սերգեները: Ընկերներին խաբեությամբ իջեցնում են իրենց դիրքից և տանում են Ջրական: Դիրքը, որը տղաները միայնակ, առանց հրամանատարների պահել էին 5 օր, տղաներին դուրս բերելուց հետո հեշտությամբ հանձնվում է թշնամուն: Ջրականում իրենց վաշտի հրամանատարը, թողնելով տղաներին շրջափակման մեջ, փախչում է: Սակայն տղաները ոչ միայն դուրս են գալիս շրջափակումից, նաև փրկում են 20 զինվորի կյանք: Ջրականի մարտերի ժամանակ երբ զանգահարեց տուն, ասաց՝ մամ ջան, քեզ շատ եմ կարոտել, պաչում եմ: Ասում էր՝ մենակ քրոջս աղջկան եմ կարոտում՝ Նարեին։

Հոկտեմբերի 21-ին վերջին անգամ զանգահարեց տուն, կրակոցի ձայն էր գալիս, բայց ասաց, թե ամեն ինչ նորմալ է։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին, թշնամու ԱԹՍ-ի հարվածից Վազգենս զոհվում է:

Հենց պատերազմը սկսվեց, ես զգում էի, որ որդուս կկորցնեմ, էդ օրն էլ նման զգացողություն ունեի:

Շատ եմ կարոտել իմ Վազգենին, էնքան ցավոտ է… ես ամեն գիշեր գլուխս բարձին եմ դնում ու երազում, որ գոնե երազումս կտեսնեմ իմ բալին, կգրկեմ ու կարոտս կառնեմ:

Ինձ ասում են՝ հպարտ եղիր, բայց ինչքան էլ ասեն՝ հպարտ եղիր, միևնույն է, չեմ կարող: Վազգենը իմ միակ որդին էր, աղջիկս ամուսնացած է: Իմ բոլոր երազանքները տղայիս հետ էին կապված… պատերազմը խլեց մեզնից մեր երեխեքին, մեր երազանքները, ու՞մ է պետք էսպես ապրելը կամ էս ցավոտ հպարտությունը»,- պատմում է հերոս զինծառայողի մայրը:

Վազգեն Սիմոնի Սիմոնյանը ծնվել է 2001թ. հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 2019թ. հուլիսի 14-ին ծառայության է անցել Արցախի Մարտունի-2 պաշտպանականում: Պատերազմի առաջին օրվանից պաշտպանել է Մարտունու դիրքերը, այնուհետ մի քանի ընկերներով եղել են Ջրականում՝ ընկնելով շրջափակման մեջ, 3 օր հետո դուրս են եկել՝ իրենց հետ հանելով ևս 20 զինվորի, դրանից հետո տեղափոխել են Վարանդա: Մի քանի օր կռվել է Վարանդայում, զոհվել է հոկտեմբերի 22-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Պատերազմում որդի կորցրած մայրը հիմա բուժումներ է անցնում, մեծ դժվարությամբ է ընդունել մայրանալու որոշումը, ասում է՝ հավատում եմ՝ Աստված իմ Վազգենին վերադարձնելու է:

Անահիտ Չալիկյան

Back to top button