Նորություններ

Նվիրումը` անմահություն… Արման Աղաջանյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենի հողի իրենց կյանքը զոհեցին բազմաթիվ քաջորդիներ:Նրանցից էր 19-ամյա Արման Աղաջանյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերոսի մայրը՝ տիկին Ստելլան, կարոտով ու հպարտությամբ է խոսում որդու մասին:
«Իմ հրաշքը լույս աշխարհ եկավ 2001 թվականի ապրիլի 12-ին, Մարտունու շրջանի Ճարտար համայնքում։ Նրան Արման կոչեցինք։ Անասելի կարոտով եմ հիշում նրա առաջին քայլերը: 2007 թվականին Արմանս հաճախեց Ճարտարի Հովիկ Հարությունյանի անվան համար 3 հիմնական դպրոց։ Շատ էր սիրում կրթօջախը: 2015 թվականից էլ Ազատամարտիկների անվան համար 1 դպրոցի տեխնիկական հոսքն ընտրեց։ Նոր ընկերներներ ձեռք բերեց։ Արագ հարմարվող էր, ակտիվ. մասնակցում էր ֆուտբոլի և թենիսի մրցույթների. միշտ առաջին տեղում էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց ԱրՊՀ «Մաթեմատիկա» բաժինը։ Շտապում էր ծառայել Հայրենիքին։ Զինկոմիսարիատ գնաց, ինքն էլ որոշեց զորակոչման օրը։ Հուլիսի 15-ին` հոր ծննդյան օրը, համալրեց բանակի շարքերը։ Ծառայության մեկնելիս էլ Արմանս փայլում էր երջանկությունից, ինձ ուժ էր ներշնչում։

«Մամ ջան, մի հուզվիր,-ասում էր,- ամեն ինչ լավ կլինի, կծառայեմ ու տուն կգամ»»,- պատմում է մայրը։ Նրա խոսքով` մեկ տարում որդին հասցրեց բազմաթիվ շնորհակալագրեր ստանալ։ Հետո կրտսեր սերժանտի կոչում շնորհեցին։ Անգամ չարաբաստիկ պատերազմի օրերին անվեհեր զինվորը դիրքերից հուսադրում էր մորը։ Մոտ մեկ ամիս մարտնչեց խիզախաբար ու հանուն հայրենիքի ընկավ հոկտեմբերի 23-ին։ «Այդ օրը հոգիս արմատախիլ եղավ, մինուճարիս տարան ինձանից»,-ասում է տիկին Ստելլան:

Արմանի դասընկերուհու` Արևիկ Սայիյան խոսքով՝ Արմանը հավասարակշռված երիտասարդ էր, չափից դուրս ընկերասեր,հարգալից էր բոլորի հանդեպ, չէր սիրում որևէ մեկին նեղացնել։ «Բոլորս շատ էինք սիրում նրան, որովհետև ապրում էր բոլորի ցավով ու ուրախությամբ։ Կյանքով լցված էր Արմանը, շատ նպատակներ ուներ: Անկեղծ էր, կատակասեր: Նա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մշտապես կապրի մեր սրտերում»,-ներկայացրել է դասընկերուհին։

Արման Հրանտի Աղաջանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Back to top button
Close