«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացի հայ-թուրքական անմիջական ձևաչափից իր վրա կրելու է այլ խոշոր ձևաչափերի ազդեցություն»
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը լինելու է բարդ գործընթաց, և այն բացի հայ-թուրքական անմիջական ձևաչափից իր վրա կրելու է այլ խոշոր ձևաչափերի ազդեցություն, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերություններ, Ամերիկա-Թուրքիա հարաբերություններ: Մենք գործ ենք ունենալու մի բազմաշերտ իրավիճակի հետ և պետք է պատրաստ լինենք բարդ և բազմազան տրամաբանությամբ զարգացումների»

«Հայաստանի համար կարևոր է, որ կայուն մեխանիզմներով Թուրքիայի հետ հասնի ուղիղ երկխոսության: Սա կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերում ճկունության ավելի մեծ աստիճանի հասնելու համար: Միևնույն ժամանակ չպետք է ունենալ որևէ ավելորդ պատրանք, որ մենք բավական սահուն, դրական զարգացման հնարավորություն կամ հեռանկարներ ունենք:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը լինելու է բարդ գործընթաց, և այս գործընթացը բացի հայ-թուրքական անմիջական ձևաչափից իր վրա կրելու է այլ խոշոր ձևաչափերի ազդեցություն, մասնավորապես ռուս-թուրքական հարաբերություններ, Ամերիկա-Թուրքիա հարաբերություններ: Այստեղ Հայաստանը բացի հայ-թուրքական ուղիղ շփումից անկասկած պետք է հենց հայ-թուրքական գործընթացի արդյունավետությունը և գործընթացում իր համար դրական զարգացումներ ապահովելու համար աշխատանք տանի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ:
Մենք գործ ենք ունենալու մի բազմաշերտ իրավիճակի հետ և պետք է պատրաստ լինենք բարդ և բազմազան տրամաբանությամբ զարգացումների:
Հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալը իրատեսական չէ: Եթե առաջին հանդիպումից հետո շատ չուշանա երկրորդ հանդիպումը, ապա այդ դեպքում կարելի է գնահատել որոշակի հաջողություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Հակոբ Բադալյանի խոսքով՝ եթե Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացին մոտենա նախապայմաններով, որոնք ընդունելի չեն լինի Հայաստանի համար, ապա Հայաստանն էլ իր հերթին պետք է համարժեք կերպով մոտեցում և վերաբերմունք ցուցաբերի:
«Թուրքիայի նախապայմանները մենք չենք կարող բավարարել, և այդ գնով հարաբերությունների կարգավորումը չի կարող արդյունավետ լինել: Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների համաձայնեցվածությանը, որի մասին հայտարարվեց, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ Թուրքիան եթե անգամ ցանկանա, չի կարող այդ գործընթացում անտեսել Ադրբեջանին:
Սա մի կողմից հասկանալի և սպասելի իրավիճակ է, որ Թուրքիան չի կարող անտեսել Ադրբեջանին, մյուս կողմից էլ կարծում եմ, որ պատերազմից հետո Թուրքիան այդ հարցում ազատված է Ադրբեջանի ճնշման հնարավորությունից, և Ադրբեջանն էլ պարտք ունի Թուրքիայի հանդեպ՝ հաշվի առնելով այն աջակցությունը, որ ցուցաբերեց Թուրքիան պատերազմի արդյունքի հարցում:
Եթե մենք հետխորհրդային մոտ երեք տասնամյակում կարողանայինք էապես զբաղվել հայ-թուրքական խնդրով և արձանագրեինք որոշակի փոփոխություններ, ապա դա մեզ մեծ ճկունություն և ամրություն կտար հենց Արցախի հարցում:
Այսօր էլ այդ տեսանկյունից Արցախի հարցի հեռանկարի համար շատ կարևոր է, թե ինչպիսի հարաբերություններ կձևավորվի Հայաստանի և Թուրքիայի միջև»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբանը:
Բադալյանի կարծիքով՝ կարևորն այն է, որ Հայաստանը ձևակերպի իր դիրքորոշումները, և տվյալ դեպքում կարծես թե Հայաստանը արտահայտել է իր դիրքորոշումը, որ կողմ է առանց նախապայմանների քննարկումների և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների:
«Այստեղ կարևորը դիրքորոշումն արտահայտելն է, իսկ թե այդ ամենին ինչպես կվերաբերվի Թուրքիան, ինչ բովանդակություն կբերի Թուրքիան բանակցությունների սեղան, հարցի մյուս կողմն է, և բնականաբար Հայաստանն էլ այդ ամենի հանդեպ պիտի իր վերաբերմունքն արտահայտի»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը:
Հայաստանի բանագնացը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:
Անահիտ Չալիկյան