Նորություններ

Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 31-ամյա տղամարդը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանի փոխոստիկանապետ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ  Հովհաննես Արիստակեսյանի, քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի (հետախուզություն) պետ Նարեկ Ազարյանի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Զ. Հայրիկյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունվարի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 266 հոդվածի 1-ին մասի, 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 316 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Զ. Հայրիկյանը ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից նրան հետո տեղափոխել են քննչական մեկուսարան, քանի որ նախկինում քննչական մարմինը դիմել էր դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը, ինչը դատարանը բավարարել էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close