ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Առանց վերջնակետը պատկերացնելու՝ Հայաստանը փորձում է խուսանավել փոթորիկներից»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայտարարեց՝ ինչպես և այլ ոլորտներում, նաև արտաքին քաղաքականության ևս հստակ ձևակերպված ռազմավարություն գոյություն չունի։ «Ռազմավարություն ընդունվեց 2020թ. հուլիսին, բայց ընդամենը երեք ամիս հետո պարզ դարձավ, որ դա չի աշխատում։ Մեկուկես տարի է անցել, որևէ պաշտոնյայից չեմ լսել, որ ինչ-որ աշխատանք է տարվում ռազմավարություն ձևավորելու ուղղությամբ, այնինչ իրավիճակը կտրուկ փոխվել է 180 աստիճան»։

Իրավիճակը, ըստ պարոն Ղևոնդյանի, հիշեցնում է «իզմ»-երից ազատ լինելու աբսուրդ մոտեցումը, մինչդեռ հարկավոր է ունենալ հստակ պատկերացումներ և ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում։ Ցանկալի է ունենալ Ա և Բ կետեր և կետից կետ շարժվելու պլաններ։

Հայ-թուրքական բանակցությունների հարցում քաղաքագետը լավատեսություն է ցուցաբերում՝ համոզված լինելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանի կողմից պատասխանատուները տիրապետում են որոշակի ժառանգության և կարմիր գծերի հստակ շրջանակ ունեն։

«Մեր դիվանագիտական ներկայությունը թերհամալրված է՝ դեսպանատներ ունենք, որոնք ունեն երկու աշխատակից՝ դիվանագիտական ներկայացուցիչը և հաշվապահը։ Դիվանագիտական կորպուսի համալրման հարցը շատ կարևոր է, գոնե առանցքային  նշանակություն ունեցող երկրներում։

Մենք չենք կարող ընտրել հարաբերությունների միայն մեկ վեկտորը և բացառապես այդ ուղղությամբ շարժվել։ Սակայն հարկավոր է հավասարակշռության ձգտել արտաքին բևեռների հետ հարաբերություններում, հատկապես արցախյան հարցի վերջին զարգացումներից հետո։ Եթե անցյալում Հայաստանը շատ դեպքերում ստիպված էր պաշտպանել Ռուսաստանի շահերն ընդդեմ Արևմուտքի՝ պայմանավորված Արցախի խնդրով, ապա այսօր այդպիսի անհրաժեշտություն չկա։ Լավ կլիներ, եթե Հայաստանը այս հակամարտության մեջ չեզոք լինելու հայեցակարգ մշակեր»,-նշեց քաղաքագետը։

Back to top button