Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Այվազովսկու կտավներից մեկի բնօրինակը Դիլիջանի այցեքարտն է

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» կտավի բնօրինակն արդեն 62 տարի է գտնվում է Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան- պատկերասրահում։ Թանգարանի էքսկուրսավար Էմմա Եսայանը ԳԱԼԱ-ի թղթակցին փոխանցեց, որ կտավը ռուս և եվրոպացի այլ նկարիչների աշխատանքների հետ 1958 թվականին թանգարան է բերվել Լենինգրադի էրմիտաժից։ Այս աշխատանքներն են դարձել Դիլիջանի թանգարանի նորաբաց պատկերասրահի առաջին ցուցանմուշները։ Այդ կտավները Դիլիջան տեղափոխելու գործում մեծ է եղել խորհրդային հնագետ, արևելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու դերը։

Ավելի քան 6000 կտավների հեղինակ Հովհաննես Այվազովսկու այս կտավը 1876 թվականի գործ է։ Ուշագրավ է նկարի լուսային հետաքրքիր անցումը, ինչը զարմացնում է Դիլիջան այցելող զբոսաշրջիկներին։ Էքսկուրսավարի խոսքերով՝ զբոսաշրջիկներին հատկապես այս կտավն է ձգում դեպի թանգարան, ու նրանց զարմանքը կրկնապատկվում է, երբ իմանում են, որ կտավը բնօրինակն է։ Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում հայտնի նկարիչների գործերի այլ բնօրինակներ էլ կան, դրանց թվում ռուս բնանկարիչ Իվան Շիշկինի «Անտառ» կտավը։

Թանգարանի էքսկուրսավարը մեկ այլ բացահայտում էլ է անում. ֆոնդերում 5000-ից ավելի նկար կա ու ևս մեկը  Հովհաննես Այվազովսկու բնօրինակներից, բայց ոչ ծովերի թեմայով։ «Հիսուսը աշակերտների հետ» անվանումով Այվազովսկու հաջորդ կտավը, ըստ էքսկուրսավարի, ռեստավրացիայի պրոցեսում է։ Շուտով այն ևս տեղ կգտնի թանգարանում ու զբոսաշրջիկների համար Դիլիջան այցելելու նոր առիթ կստեղծի։

Կարինե Կազարովա

Back to top button
Close