ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«ՀՀ զինված ուժերը մասնակից դարձնելով այլ երկրում պալատական հեղաշրջմանը՝ Փաշինյանը հանցագործություն է կատարել»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջամակում քաղաքագետ Արմեն Աղայանը Ղազախստան հայկական զորամիավորում ուղարկելը որակել է որպես ոչ միայն անհեթեթ և անիմաստ, այլև վտանգավոր քայլ։ Սակայն, ըստ նրա, չափազանցված են այն պատկերացումները, որ ղազախները շատ երկար են հիշելու այս փաստը և դրա վրա հիմնվելով՝ մեզ վատություն են անելու։

«Իհարկե, իրենք դա օգտագործելու են որպես արդարացում ինչ-ինչ հակահայ դրսևորումների համար։

Եթե Պուտինի պնդումը առ այն, որ Ղազախստանում «մայդան» է տեղի ունեցել, համապատասխաներ իրողությանը, ապա ոչ մի զորքի ներխուժում հարցը չէր լուծի, ընդհակառակը, կկատաղեցներ մարդկանց և ավելի զանգվածային կդարձներ բողոքը։ Պարոն Աղայանի տպավորությամբ՝ Ռուսաստանը մտավ, որպեսզի պաշտպանի իշխանական մի թևը մյուսից։

Պետք չէ մոռանալ, որ գործ ունենք թյուրքական ժողովրդի հետ, որը ավելի հակված է բռնապետական կարգերին։ Դա չի բացառում, որ այնտեղ էլ լինեն պարբերական խռովություններ։ Սակայն բռնապետության օրոք ապստամբները, որպես կանոն, չեն ունենում պատրաստի առաջնորդներ, ղեկավարող կառույցներ և պարտվում են»,-նշեց Աղայանը։

«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ինտեգրվեց զառամյալ դիկտատորների ակումբին, ոմանք պնդում են՝  որպես «կոշիկ մաքրող», ոմանք էլ՝ որպես լիարժեք դիկտատոր, ակումբի անդամ։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։ Սակայն Փաշինյանն,  անշուշտ,  բացատրվելու դժվարություններ կունենա Արևմուտքի հետ։ Իրականում հանցագործություն է կատարվել. ՀՀ զինված ուժերը օգտագործվել են դրսում՝ միջամտելով ինչ-որ մի երկրի ներսում հեղաշրջման գործընթացին։

Ռուսաստանը շարունակում է լինել մարող ուժ, և Ղազախստանը, որ այժմ ինչ-որ ռևերանսներ է անում Ռուսաստանի առաջ, շատ հանգիստ կարող է փոխել պահվածքը»,-եզրափակեց քաղաքագետը։

Back to top button
Close