Նորություններ

«Կյանքիս ամենավատ օրը, որ կուզեի ջնջել, այն օրն էր, երբ ես կյանքում առաջին անգամ պապայիս թաց աչքերով տեսա». գերությունից վերադարձած կամավորականի պատմությունը

Մելս Ամբարդարյանը հոկտեմբերին է հայրենադարձվել ադրբեջանական գերությունից: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա պատմել է պատերազմում տեսածի, պայքարի և պատերազմից հետո ապրած դժվարին օրերի մասին:

«Եղբայրս սպա է, ծառայում է հայոց բանակում, պատերազմը որ սկսվեց, տեղս չէի գտնում, ես պիտի իմ ախպոր կողքը լինեի, որոշեցի կամավորագրվել: Ընտանիքում որոշումս բնականաբար լավ չընդունեցին, չէին թողնում… դե հասկանում եք, ծնող են ու զավակներին կորցնելու վախ կունենան, բայց իմ համառ բնավորության պատճառով կարողացա իմ ասածը առաջ տանել:

Կյանքիս ամենավատ օրը, որ կուզեի ջնջել, այն օրն էր, երբ ես կյանքում առաջին անգամ պապայիս թաց աչքերով տեսա զինկոմիսարիատի դիմացը կանգնած:

Հոկտեմբերի 3-ի առավոտյան մեզ տարան Ջրական՝ Ջաբրայիլ: Ես նույն զգացողությունը ապրել էի 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ Մատաղիսում էի:

Զգացողությունները խառնվում են իրար… վրեժը ներսդ բորբոքում է հենց կռվի առաջին վայրկյանից, հրետանու առաջին հարվածից կամ հակառակորդի կրակոցից հետո։

Հասկանում եք, մեր կռիվը զուտ հողատարածքի համար չէ. իմ կռիվը հոգու պարտք է, ես պիտի էդ պարտքը փակեի, որ հետո կարողանայի խղճիս հետ հաշտ ապրել»,- պատմում է Մելս Ամբարդարյանը:

«Մինչև վերջին վայրկյանը հավատացել եմ, որ հաղթելու ենք. նույնիսկ համաձայնագրի ստորագրելուց հետո ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ մենք զիջել ենք, զինվորի հոգեբանությունն անկոտրուն է, զինվորը անձնազոհ է, իրեն վստահված սահմանն իր կյանքի գնով պահելու է, և իրեն վստահվածը պարզապես հողատարածք չէ:

Կռվելիս ես մտածում էի ռազմաճակատի ուրիշ ուղղությամբ կռվող եղբորս մասին, ընտանիքիս: Ընկերներ ունեի, որ մանկությունից ինձ հետ են, ու սպանում էր էն միտքը, որ ես հետ գնամ, իրենք չգան, և ավելի լավ է մեռնել, քան կանգնել էդ ծնողի առաջ ու աչքերին նայել: Շատ հիշողություններ եմ ինձ հետ բերել ռազմաճակատից՝ մարտական ընկերներիս հայրենասիրական երգերը ՍՈՒ-երի ու հրետանու հրթիռակոծության ներքո: Սրտիս մեջ դաջվել է վիրավոր տղերքի հայացքները ու իրենց ընկերների վրեժխնդրությունը»:

Շիրակցի կամավորականը գերեվարվել է դեկտեմբերի 13-ին Խծաբերդ-Հին թաղեր հատվածում:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրելուց հետո մեր գումարտակը մարտական առաջադրանք ստացավ, մենք պիտի գնայինք Գորիս, բայց վերջին պահին ուղղությունը փոխվեց դեպի Լաչին, Լաչինից էլ ուղարկեցին Խծաբերդ, Հին թաղեր: Այնտեղ կատարելու էինք մարտական հերթապահություն, 14 օրից հերթափոխի էին գալու: Բարձրացանք մարտական դիրքեր մեր հերթապահությունը կատարելու, բացի ԱԿՄ-ից ուրիշ ոչ մի զինատեսակ չունեինք, մի 2 նռնակ էլ հերթափոխի տղերքը տվեցին:

Մեր հետ կային սպաներ, ովքեր գործող սպաներ չէին. հստակ հրամաններ ստացանք, որ չկրակել և հակառակորդին հանդիպելու դեպքում առաջինը մարտի չբռնվել, որովհետև հակառակորդը եթե գա, կլինի ռուս խաղաղապահի ուղեկցությամբ:

Էդ պահից սկսած մեր գործող սպան, ով պիտի ծանոթ լիներ տեղանքին, ով եթե պատերազմ սկսվեր, պիտի կանգներ մեր գլխին ու մարտ վարեր, էլ չտեսանք, զանգերով էինք խոսում:

Դեկտեմբեր ամիսն էր, մենք խարույկի մոտ էինք քնում։ Սննդի համար 7-8 կիլոմետր լեռնային պայմաններում ոտքով պիտի գնայինք, որովհետև չկար այնպիսի մեքենա, որ կարողանար էդ սարերը բարձրանալ: Թշնամու խարույկները շատանում էին, զեկուցում էինք, հարցնում՝ շրջափակման մե՞ջ ենք, ասում էին՝ կա շեղ անկյուն, որ ձեզ դուրս ենք հանելու, ասում էին՝ հերթափոխը կգա:

Ամսի 11-ի հերթափոխի օրը տղաներից մեկը, ով էդ պահին գտնվում էր մեր հերթափոխի համար նախատեսված անձնակազմի մեջ, զանգեց ու ասաց, որ չգիտեն ինչ պատճառով փոխել են իրենց ուղղությունը և տարել են Գորիս:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան մեզ զանգահարեցին Արմավիրի մոբիլիզացիայի տղերքը, ասացին, որ իրենց հրամկազմը բանակցել է Ադրբեջանի զինված ուժերի հրամկազմի հետ, իրենց ասել են, որ տարածքը անցել է իրենց վերահսկողության տակ, ու եթե չլքենք էդ տարածքը, ապա իրենք անցնելու են բացահայտ հարձակման։

Զանգահարեցին հրամանատարությանը, ասացին՝ սուտ է, չլսեք ոչ ոքի, ամեն ինչ նորմալ է, ու հերթափոխը ճանապարհին է:

Հաջորդ առավոտյան սովորականի պես տղերքից մեկը ձիով գնաց սննդի հետևից, իսկ ես մեր ընկերներից մեկի հետ գնացի անտառ ջուր բերելու:

Երեկոյան արդեն 5 անց էր, զանգ ստացանք, որ վերցնենք մեր իրերը ու իջնենք դիրքից, տուն ենք գնալու, մեքենաները մեզ են սպասում:

Հանդիպման վայր նշանակվեց, ռադիոկապի հաղորդականություն տվեցին, որը հենց տրվելու պահից սկսած՝ չգործեց:

Գնացինք նշված վայր, ու գիշերային սարքերի լույսերը տեսա, մտածեցի՝ մերոնք են դիտարկում մեզ։ Մեծ դժվարությամբ հասանք ճանապարհին: Հեռախոսակապը բացակայում էր, հետո իմացանք, որ հակառակորդը խլացրել էր իր ժամանակակից սարքերով:

Ավտոճանապարհով իջանք հանդիպման նշանակված վայր, մոտ էլի մի 2 ժամվա ճանապարհ, ու հայտնվեցինք հակառակորդի լարած ծուղակում:

Անցավ մոտ 30-40 րոպե, ու մեզ ասացին, որ խաղաղապահը տեղում է, ու անցնենք, բայց առանց զենքի, մեր զենքերը կտան խաղաղապահին: Դա իմ գերության առաջին օրն էր… գերեվարվելուցս 10 ամիս ու կես հետո՝ հոկտեմբերի 19-ին, ես հայրենիք վերադարձա:

Ես դեռ փնտրտուքի ու վերլուծության փուլում եմ, ներսումս ինքս իմ դեմ պայքար է: Հա, ես մեզ պարտված չեմ համարում, սա դեռ առաջին ճակատամարտն էր»,- եզրափակում է գերությունից վերադարձած կամավորականը:

Անահիտ Չալիկյան

Back to top button