Նորություններ

«Այսօր կեսօրից հետո գյուղում լսել ենք կրակոցի ձայներ. դրանք էնքան սովորական են դարձել, որ կրակոցների տակ ապրում ենք». Ն.Աթայան

«Այսօր կեսօրից հետո  գյուղում լսել ենք կրակոցի ձայներ, բայց մեր գյուղի ուղղությամբ չէր. հիմնականում նրանց  թիրախում Թաղավարդն է: Հունվարի մինչև 5-ը կրակոցներ չկային, համեմատաբար հանգիստ էր իրավիճակը, բայց հունվարի 6-ի գիշերը սկսեցին ակտիվանալ, կրակում էին, օրերս էլ մեր գյուղի բնակչի մեքենան այրվեց դրանց կրակոցների հետևանքով:

Որպես էդպիսին, կրակոցներ գրեթե  միշտ կան, պատկերացրեք, որ դրանք էնքան սովորական են դարձել, որ կրակոցների  տակ ապրում ենք, բարիք ենք ստեղծում ու դաստիարակում ենք մեր երեխաներին:

Իրավիճակը տրամադրող չէ, տհաճ է, բայց ինչ-որ լավ բանի ենք սպասում, մենք ամեն օր սպասում ենք, որ մի  բան դեպի լավն է փոխվելու, կրակոցներ չեն լինելու, և դրանք մեր տարածքներից գնալու են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Կարմիր շուկայի գյուղապետ Նարեկ Աթայանը:

Գյուղապետի խոսքով՝ պատերազմից հետո դժվար էր մարդկանց գյուղ վերադառնալը, որովհետև անվտանգային հարցերից բացի գյուղում կային հազար ու մի խնդիրներ, որոնք օր առաջ լուծում էին պահանջում: Աթայանն ասում է, որ պատերազմից ավելի քան մեկ տարի անց գյուղում լուծվել են մի շարք հարցեր, վերանորոգվել են պատերազմի հետևանքով վնասված տները, լուծվել կենցաղային հարցերը: 130 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման շինաշխատանքներն են ընթանում:

Մի խոսքով՝ արվել է հնարավորը, որպեսզի գյուղացին  վերադառնա իր տունը և ուզենա ապրել իր հողում:

Նարեկ Աթայանի խոսքով՝ Կարմիր շուկա համայնքը 850 բնակիչ ունի, պատերազմից հետո համայնքում հաստատվել է տեղահանված 15 ընտանիք՝ 37 բնակչով:

«Պատերազմից հետո իրողություն է փոխվել, բայց մարդիկ հոգով-սրտով կապված են էս հողին և չեն ուզում ուրիշ տեղ ապրել, մնացածը ժամանակի հարց է»,- եզրափակեց ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը:

Back to top button