Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

ՆԱՏՕ-ն պատրաստ է Եվրոպայում հակամարտությանը. Ստոլտենբերգ. FT

«ՆԱՏՕ-ն պատրաստ է մեծացնել իր ռազմական ներկայությունը, եթե Պուտինը որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել»

«ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում հրաժարվել իր ագրեսիվ արտաքին քաղաքականությունից և համագործակցել Արևմուտքի հետ։ Հակառակ դեպքում, Ռուսաստանը կբախվի ռազմական դաշինքին, որը պատրաստ է հակամարտության՝ Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումը կանխելուն միտված ինտենսիվ դիվանագիտական ​​բանակցություններից առաջ»:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում են բրիտանական Financial Times հանդեսի թղթակիցներ Հենրի Ֆոյը եւ Լորեն Ֆեդորը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ կնքված պաշտպանական դաշնագիրը պատրաստ է «Եվրոպայում նոր զինված հակամարտությանը», եթե բանակցությունները ձախողվեն: Այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ արևմտյան ներկայացուցիչները ծրագրում են Մոսկվայի հետ քննարկել զորավարժությունների ծավալների կրճատման, սպառազինությունների վերահսկման և Ուկրաինայում ամերիկյան հրթիռներ չտեղակայելու մասին հարցերը»։

«Ես գիտեմ Ռուսաստանի պատմությունը: Դարեր շարունակ նրանք կոնֆլիկտներ են ունեցել իրենց հարեւանների հետ: Բայց Ռուսաստանն ունի այլընտրանք՝ համագործակցել, աշխատել ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Ստոլտենբերգը Financial Times-ին։

«Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100.000 զինվորական է տեղակայել Ուկրաինայի սահմանի մոտ՝ մտավախություն առաջացնելով, որ կարող է կրկին հարձակվել այդ երկրի վրա, ինչպես դա արեց 2014 թվականին, երբ Մոսկվան անեքսիայի ենթարկեց Ղրիմը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է ներխուժման մասին տեղեկությունները: Բայց նա նախազգուշացրել է հնարավոր ռազմական գործողությունների մասին, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն անտեսեն Ռուսաստանի պահանջները համաձայնագրերի վերաբերյալ, որոնք կարող են լրջորեն թուլացնել նրանց կարողությունները Եվրոպայում: Ռուսաստանը պնդում է, որ նման կարողությունները վտանգ են ներկայացնում իր սահմանների համար»,-շարունակում են հոդվածագիրները։

«Հակամարտության ռիսկը մնում է: Մենք պետք է ակնկալենք լավագույն արդյունքները և գործադրենք բոլոր ջանքերը դրան հասնելու համար: Բայց մենք պետք է պատրաստ լինենք նաև վատթարագույնին»,- ասել է Ստոլտենբերգը:

ՌԴ պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն արդեն հանդիպել է իր ամերիկացի գործընկեր, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանին։ Նա հայտարարել է, որ Ժնևում ընթրիքի ժամանակ իրենց զրույցը «բարդ էր, բայց գործնական»:

«Մենք խորացել ենք առաջիկա գործերի մեջ։ Կարծում եմ, որ վաղը մենք ժամանակ չենք կորցնի։ Ես երբեք չեմ կորցնում իմ լավատեսությունը, ես միշտ առաջնորդվում եմ դրանով»,- ասել է Ռյաբկովը:

«Ռուսաստանը պահանջում է արգելել Ուկրաինային և այլ երկրներին անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես նաև Կրեմլին տալ վետոյի իրավունք  դաշինքի գործունեության վրա այն անդամ երկրներում, որոնք միացել են կառույցին ԽՍՀՄ փլուզումից հետո։ Ստոլտենբերգը երկու պահանջներն էլ անընդունելի է անվանել, քանի որ դրանք խախտում են «ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքը», որն առաջարկում է անդամակցություն բոլորին և հավասարապես պաշտպանում դաշնակիցներին։

Ստոլտենբերգն ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ խոսել ռիսկերի նվազեցման հնարավոր միջոցների մասին, ինչպիսիք են՝ «սպառազինությունների վերահսկողությունը, ռազմական գործողությունների, զորավարժությունների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև հաղորդակցման ուղիների մասին»:

Ուկրաինայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման արգելքը և Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ընդհանուր կանոնների քննարկումն այն ոլորտներն են, որտեղ Վաշինգտոնը տեսնում է բանակցությունների հնարավորություններ, եւ ըստ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, շատ բան կախված կլինի «փոխադարձ պարտավորություններ ստանձնելու Ռուսաստանի պատրաստակամությունից»։

Վաշինգտոնը կտրականապես հերքել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե կարող է որոշ զորամիավորումներ դուրս բերել Արևելյան Եվրոպայից՝ ի պատասխան Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի կրճատման։ Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ են մեծացնել իրենց ներկայությունը, եթե Պուտինը որոշի ռազմական գործողություններ ձեռնարկել:

ԱՄՆ-ը, Եվրամիությունը և այլ արևմտյան գործընկերներ զգուշացրել են, որ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներ կկիրառեն, եթե ռազմական էսկալացիա լինի։ Ամերիկան ​​նաև առևտրային սահմանափակումներ է պատրաստում Ռուսաստանի դեմ»,-գրում է Financial Times-ը:

Back to top button