ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Սեպտեմբերի 26-ն էր, ամուսինս ասաց՝ Նելլի, պիտի Սուրբ Հովհաննես բարձրանանք…». զոհված զինծառայողի կին

«Երբ հուզվում եմ երեխեքս ասում են՝ մամ, դու մեզ խոսք ես տվել, դու պիտի ուժեղ լինես և լաց չլինես, պապան վերևից մեզ է նայում, պապան մեզ հետ է». զոհված զինծառայողի կին

Հարություն Գևորգյանը (Կյաժ) երեք ամսվա պայմանագրային զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Գյումրեցի զինծառայողը կռվել է Մարտակերտում, հետո տեղափոխվել Ակնա, այնուհետև Ջրական, որտեղ էլ իր զինակից ընկերների հետ միասին մարտնչել է մինչև վերջին շունչը:

Գյումրեցի պայմանագրային զինծառայողի կինը՝ Նելլին, նախքան ամուսնու մասին պատմելը ասում է՝ Հարությունը շատ դրական մարդ էր, ոչ մի իրավիճակում չէր կորցնում հումորն ու լավատեսությունը:

«Նույնիսկ պատերազմի ընթացքում, գտնվելով թեժ կետերում, կատակներ է արել, Ակնայում խրամատի մեջ փոքրիկ տնակի նման մի բան է սարքել և կատակել՝ ասելով, որ տեղափոխվելու է էդտեղ ապրելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Հարություն Գևորգյանի կինը՝ Նելլի Վարոսյանը:

«Պատերազմից մեկ շաբաթ առաջ ամուսինս ավտովթարի էր ենթարկվել, ոտքի սալջարդ էր ստացել, ուրախացանք, որ լուրջ բան չէր եղել, ասացինք՝ Աստծո հրաշքով է փրկվել: Բժիշկը մի շաբաթ չթույլատրեց քայլել, Հարությունը հենակներով էր քայլում: Սեպտեմբերի 26-ն էր, ամուսինս ասաց՝ Նելլի, պիտի Սուրբ Հովհաննես բարձրանանք… եղանակը շատ վատ էր, իր ոտքն էլ էդպես հենակով էր քայլում, ասացի՝ Հարություն ջան, էդ ոտքով ո՞նց ես բարձրանալու: Ասաց՝ ես կարող եմ բարձրանալ, Նելլ, չեկար՝ քեզանից կնեղանամ:

Չնայած եղանակը լավը չէր, բայց մենք թե ոնց բարձրացանք սարը, ոչինչ չզգացինք, բայց մի տեսակ տխուր էինք: Ես զգում էի, որ ամունիս հենց այնպես չասաց, որ պիտի բարձրանանք Սուրբ Հովհաննես:

Հարցնում էի՝ Հարություն ջան, ինչի՞ ես տխուր, ինչ-որ բան կա՞, որ ինձ չես ասում. ասաց՝ չէ, Նելլ, ամեն ինչ նորմալ է:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան զորամասից զանգեցին և ասացին, որ տագնապ է, և շտապ պիտի հասնի զորամաս: Ամուսինս Վանաձորի «ԴՈՒՑ»-ի զորամասում էր ծառայում:

Զինվորական կոշիկներն էլ չէր կարող հագնել, ասացի՝ Հարություն ջան, էդ վիճակով դու ո՞ւր ես գնալու, ոտքդ վնասված է:

Հենակը մի կողմ դրեց ու ոտքը կաղալով գնաց, ասաց՝ ես գնում եմ, չեմ կարող չգնալ…»,- պատմում է հերոս զինծառայողի կինը:

«Ամուսինս հայրենիքը ամեն ինչից շատ էր սիրում և մշտապես գիտակցել է այդ սիրո գինը:

Հաճախակի էր զանգում… կողքից պայթյունի աղմուկ էր լսվում, ասում էի՝ Հարություն, էդտեղ ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ոչ մի բան, Նելլ, սաղ նորմալ է, հանգիստ եղիր, դու միայն երեխեքին լավ նայի:

Հոկտեմբերի 2-ի առավոտյան լուսադեմին զանգեց, ասաց՝ ո՞նց եք, երեխեքը ո՞նց են… ասացի՝ տանն ամեն ինչ նորմալ է, դու ասա՝ էդտեղ ինչ է կատարվում, երբ ես տուն գալիս:

Ասացի՝ Հարություն ջան, չի լինի՞, որ թողնես տուն գաս, ես ուղղակի խնդրում եմ: Ասաց՝ եկել հասել եմ, որ հետ դառնա՞մ, մինչև վերջ պետք է կռվենք: Ասում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, բայց չէր ասում, որ կգամ:

Իմ ամուսինը չվախեցավ դաժան պատերազմից, մինչև վերջին շունչը կռվել է, չի փախել, դիրքը չի թողել: Ես հպարտ եմ և այդ հպարտությունը գիտակցում եմ:

Պահ է գալիս, որ ես ինքս էլ չեմ դիմանում, հուզվում եմ… երեխեքս ասում են՝ մամ, դու մեզ խոսք ես տվել, դու պիտի ուժեղ լինես և լաց չլինես, պապան վերևից մեզ է նայում, պապան մեզ հետ է:

Ես նայում եմ իմ երեխեքին ու հասկանում, որ ուղղակի իրավունք չունեմ չապրելու, չժպտալու… ապրում եմ նրանց համար, նրանք իմ ամուսնու մասնիկներն են, և ամուսնուս կարոտը իրենցից եմ առնում»,- եզրափակեց Արցախյան պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Հարություն Գևորգյանի կինը՝ Նելլի Վարոսյանը:

Հարություն Սամվելի Գևորգյանը (Կյաժ) ծնվել է 1987թ. նոյեմբերի 4-ին Գյումրիում:

Ամուսնացած էր, ունի 2 որդի:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close