Սյունիքի ոստիկանները մեքենաներից գողություններ կատարող խումբ են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

Ոստիկանության Կապանի բաժնի, Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից գողություններ կատարող խումբ։
«Հունվարի լույս 2-ի գիշերը, տարբեր ժամերի, Կապանում մի քանի գողություն էր կատարվել։ Թիրախում ավտոմեքենաներ էին։ Վաղ առավոտյան տուժողներից 2-ը, որոնք նույն շենքի բնակիչներ են, ահազանգեցին բաժին. նրանց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից տարբեր մասեր էին գողացել, այդ թվում՝ լուսարձակներ։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, գողությունները թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին Սյունիքի մարզային վարչության ու Մեղրիի բաժնի գործընկերների հետ։ Համատեղ միջոցառումների շնորհիվ Կապանի բաժնում փաստական տվյալներ ստացվեցին գողությունները կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով հայտնի դարձավ նաև, որ նրանք «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով են ու գտնվում են Ագարակ քաղաքում։ Մեքենայում էլ իրեղեն ապացույցներ կան։ Սյունիքի մարզային վարչության, Կապանի և Մեղրիի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կասկածվողներին հայտնաբերեցին Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Մեղրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին տարբեր մեքենաներից գողացված լուսարձակներ, հայելիներ, այլ մասեր, ինչպես և գործիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գողությունների ժամանակ օգտագործվել են։ Հետագա միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեցին նաև այլ մեքենաներից գողացված տարբեր մասեր, որոնք լցված էին մեծ պայուսակների մեջ։
Կապանի և Մեղրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակեցին՝ պարզելով, որ Երևանի բնակիչներ 28, 39 և 40-ամյա բնակիչները, որոնցից ավագը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր, տարբեր մակնիշի մեքենաներից էլի են գողություններ արել ոչ միայն Կապանում, այլև Գորիսում և Ագարակում։ Միջոցառումները շարունակվում են տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: