ՆորություններՏնտեսական

«Եթե անգամ Վրաստանում են ադրբեջանցիներն իրենց նման կերպ պահում, կարելի է պատկերացնել, թե Ադրբեջանի տարածքում հայկական բեռնատարների հետ ինչեր կարող են տեղի ունենալ»

«Ճանապարհների ապաշրջափակման արդյունքում վտանգ կա, որ թուրքական ապրանքներով, թուրքական կապիտալով կողողվի հայկական շուկան, իր բոլոր բացասական հետևանքներով»

«Հիմնական վտանգը կայանում է նրանում, որ խոսքը գնում է թշնամի երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու և թշնամական երկրների տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու մասին, ինչը անվտանգային անորոշություններ է պարունակում, որովհետև պատերազմից մեկ ամիս անց մի քանի դեպքեր եղան, երբ Վրաստանի ադրբեջանաբնակ քաղաքներով անցնելիս Հայաստան եկող բեռնատարների վրա հարձակումներ էին լինում:

Եթե անգամ Վրաստանում ադրբեջանցիներն իրենց նման կերպ են պահում, մոտավորապես կարելի է պատկերացնել, թե  Ադրբեջանի տարածքով հայկական բեռնատարների տեղափոխման ժամանակ ինչեր կարող են տեղի ունենալ: Մյուս կարևոր վտանգն էլ Թուրքիայի  տնտեսությունից Հայաստանի տնտեսության հավանական կախվածության առաջացումն է»,- ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին:

Կառլեն Խաչատրյան
Կառլեն Խաչատրյան

Խաչատրյանի խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում վտանգ կա, որ թուրքական ապրանքներով, թուրքական կապիտալով կողողվի հայկական շուկան, իր բոլոր բացասական հետևանքներով:

«Մեկ տարի թուրքական ապրանքների արգելքը կիրառելու հետևանքով հայ  գործարարները գտել էին այլընտրանքային շուկաներ և փաստացի նոր գործընկերներ էին գտել:

Երբ հիմա կառավարությունը կրկին փոխում է խաղի կանոնները և  թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերացնում է, սա նոր մարտահրավեր է բիզնեսի համար, որովհետև բիզնեսը ստիպված է լինելու վերաադապտացվել և որոշակի այլընտրանքային լուծումներ գտնել, ինչը բնականաբար վատ է: Բիզնես միջավայրի տեսանկյունից կառավարության որոշումները ոչ կանխատեսելի իրավիճակ են ստեղծում, որովհետև «օրընդմեջ» խաղի  կանոններ են փոխում, ինչը բերում է կառավարության հանդեպ վստահության նվազման:

Եթե կառավարությունը անընդհատ իր որոշումները վերանայում է, փոխում է, մեկ այսպես է որոշում, մեկ այնպես, պետք է հասկանանք, որ կառավարության ցանկացած որոշում բիզնեսի  համար ստեղծում է նոր իրավիճակ»,- ընդգծեց Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսական աճի փոխարեն Հայաստանում կայուն կերպով շարունակվում են թանկացումները: 2021 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսության վերականգնման միտումներ չտեսանք, և ընթացիկ տարում ի՞նչ զարգացումներ են կանխատեսվում:

Անդրադառնալով հարցադրմանը՝ Կառլեն Խաչատրյանը նշեց.

«Ցավալի է, որ մենք 2021թ.-ին չկարողացանք գոնե 2020թ.-ի ընթացքում ունեցած տնտեսական անկումը վերականգնել: Փաստացի ստացվեց, որ մենք դեռևս 2021թ. ավարտին չկարողացանք հասնել 2019թ. վիճակին:

Եթե մեր երկրի տնտեսությունը համեմատենք աշխարհի  մյուս երկրների հետ, ապա կտեսնենք, որ բոլոր երկրները  կորոնավիրուսի  հետևանքով առաջացած տնտեսական անկումը կարողացել են հաղթահարել և մի բան էլ ունեցան տնտեսական աճ:

Մեր պարագայում դա չեղավ, և դա կարելի է պայմանավորել ոչ համակարգված տնտեսական քաղաքականության հանգամանքով:

Այսինքն՝ մենք չունենք հստակ տնտեսության զարգացման ծրագիր և տեսլական: Մենք որոշում ենք հընթացս, ըստ նպատակահարմարության որոշումներ ենք կայացնում, և այդ եղանակով  բնական է, որ  տնտեսությունը չի զարգանա:

Կարևոր հանգամանք է նաև այն, որ պատասխանատու պաշտոնյաների պատասխանատվության ինստիտուտն էլ է բացակայում, որովհետև պետական պաշտոնյաները հայտարարություններ կամ կանխատեսումներ և պնդումներ են անում, բայց այդ պնդումները որևէ կերպ չեն իրականանում, և  փաստացի նրանք որևէ պատասխանատվություն չեն կրում:

Ստացվում է, որ այդ անպատժելիության կամ անպատասխանատվության արդյունքում պետական պաշտոնյան ինչ  ուզի, ինչ խելքին փչի էդ պահին, կարող է խոսել և ձևավորել սպասելիքներ:

Ինչ վերաբերում է գնաճին, ապա մեր տնտեսությունում գնաճի ուժեղ ալիքը սկսվեց 2020թ. դեկտեմբերից, և 2021թ. ընթացքում մենք տեսանք ահագնացող գնաճի դրսևորումները: Թեև Կենտրոնական բանկը պարբերաբար իրականացնում էր  գործողություններ գնաճը  զսպելու համար, բայց գնաճը չէր նվազում, չէր գալիս թիրախավորված մակարդակի այն պարզ պատճառով, որ կար թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական անորոշություն: Կային նաև այլ տնտեսական գործոններ, որ հանգեցրել էին նրան, որ ունեցանք գնաճի մեծ ալիք, որը ոչ մի կերպ չնվազեց»,- եզրափակեց տնտեսագետ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close