Նորություններ

«Հայկական կողմն էլ կարող է նոր հյուպատոսություն ունենալ Իրանի տարածքում, մասնավորապես Թավրիզում, որը եղել է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ»

«Կապանում հյուպատոսություն բացելը կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակներով՝ այս հատվածում իրանական կողմի աշխարհաքաղաքական կարևորությունը բարձրացնելու համար»

«Մի քանի տարի Իրանում խոսակցություններ կան Կապանում հյուպատոսություն բացելու վերաբերյալ, բայց հետաքրքիրն այն է, որ որոշումը կայացվեց  այս իրավիճակում, երբ Սյունիքի մարզի  շուրջ բավականին լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են սկսվել, և Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ծավալապաշտական  հայտարարություններ են լինում Սյունիքի մարզի հանդեպ:

Կապանում հյուպատոսություն բացելը կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակներով՝ այս հատվածում իրանական կողմի աշխարհաքաղաքական կարևորությունը բարձրացնելու համար, որովհետև Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ տարածաշրջանում իրավիճակը բավականին լարված է, և լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են ընթանում:

Մյուս կողմից էլ մեծանում են խոսակցությունները Հյուսիս-հարավ ճանապարհահատվածը  վերջնական ավարտին հասցնելու, ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, և Սյունիքի մարզը կարող է վերածվել տրանսպորտային հանգույցի, ինչը Իրանին տնտեսական գործընթացներում ներգրավելու հնարավորություն է տալիս, և Իրանը փորձելու է այս հատվածում ակտիվանալով՝ թուրք-ադրբեջանական նկրտումներին հակազդել:

Եթե Կապանում բացվի Իրանի հյուպատոսությունը, համագործակցության դեպքում, ես կարծում եմ, որ անվտանգային որոշակի հարցեր լուծում կստանան, բայց  կանխատեսել՝  երբ կբացվի, կամ ինչպիսի համագործակցություն կլինի, այս փուլում հնարավոր չէ»,- ԳԱԼԱ-ի հետ  զրույցում նման կարծիք հայտնեց  իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության բացման մասին հայտարարություններին:

Ըստ Միսակյանի՝ Կապանում հյուպատոսության բացումը լրացուցիչ աշխուժություն կմտցնի հայ-իրանական հարաբերությունների մեջ:

հյուպատոսություն
Գարիկ Միսակյան

«Հայկական կողմն էլ կարող է նոր հյուպատոսություն ունենալ Իրանի տարածքում, մասնավորապես Թավրիզ քաղաքում, որը եղել է թուրք-ադրբեջանական ազդեցության տակ:

Հայաստանը կարող է ունենալ սեփական հյուպատոսությունը  և օգտագործել  սեփական անվտանգային շահերի համար: Ներկա պահին Հայաստանը Իրանի հետ բոլոր  ոլորտներում և հնարավոր բոլոր գործիքակազմերով  պետք է սերտացնի հարաբերությունները, հատկապես երբ որոշակի քաղաքական գործընթացներում նույն «միջանցքի» հետ կապված Իրանը կարող է հակակշռել տարածաշրջանի ուժերին:

ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի վերջին հեռախոսազրույցի ընթացքում  էլ է  շեշտվել հայ-իրանական համագործակցության կարևորության մասին: Իրանի կողմից  եղել է հայտարարություն առ այն, որ Իրանը սատարելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանով անցնող բոլոր ուղիների հանդեպ Հայաստանի սուվերեն իրավունքը: Այսինքն՝ այստեղ էլ հայ-իրանական համագործակցության եզրեր կան»,- նշեց իրանագետը:

Գարիկ Միսակյանի խոսքով՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ-իրանական համագործակցության մասին խոսակցությունները բավականին շատացել են:

«Բայց  մյուս կողմից էլ ներկա պահին այնքան էլ արագ կամ ցանկալի  տեմպերով չեն զարգանում հայ-իրանական  հարաբերությունները: Կարծում եմ, որ պետք է մշակվի առավել հստակ և առավել դինամիկ օրակարգ հայ-իրանական հարաբերություններում»,- եզրափակեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Կապան քաղաքում հյուպատոսարան բացելու ԱԳՆ առաջարկին:

Անահիտ Չալիկյան

Back to top button