«Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով վտանգում է Արցախի հետագա հնարավոր բանակցային գործընթացը». Տ. Հայրապետյան
«Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով վտանգում է Արցախի հետագա հնարավոր բանակցային գործընթացը և այդ ընթացքում Հայաստանի և Արցախի դիրքերը»
«Այն թեզերը, որոնք Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն դնում է շրջանառության մեջ, շատ վտանգավոր են հետագա բանակցային գործընթացի տեսանկյունից, որովհետև դրանք ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանական բնակչության մասին և դրույթներ է առաջ քաշում, բնականաբար ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Մադրիդյան սկզբունքներով ամրագրված է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը. կարևոր սկզբունքներից մեկն է, և դա որևէ մեկը հարցականի տակ չի դնում:
Մինչև 1988թ.-ը, այսինքն՝ հակամարտության նախօրեին, հարաբերակցությունը մոտավորապես եղել է 80-20, այսինքն՝ 80 տոկոս հայկական բնակչություն, 20 տոկոս ադրբեջանական բնակչություն: Ի վերջո բոլորի համար էլ պարզ է, թե ինչու է առաջացել արցախյան հակամարտությունը, ինչի համար է բանակցությունների գործընթացը:

Բանակցային փաթեթները լավն էին կամ այնքան էլ լավը չէին՝ դրանք հարցի մյուս կողմն են, բայց ադրբեջանական քարոզչամեքենայի համար ձեռնտու նյութեր նետել շրջանառության մեջ և դա անել պետության ղեկավարի մակարդակով, դա ուղղակի անթույլատրելի է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Հասկացանք՝ նախկինների դեմ պայքար, բայց այդ պայքարի մեջ էլ պիտի կարմիր գծեր լինեն, ինչպե՞ս կարելի է պետական շահը արհամարհել և խոսել այնպիսի բաների մասին, որոնք ուղղակի օգտագործվելու են հակառակորդի կողմից:
Բանակցային ամբողջ գործընթացը փաստացի Ադրբեջանը տապալեց՝ պատերազմ սկսելով Արցախի դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իր այդ հայտարարություններով արդարացնում է ադրբեջանական ագրեսիան:
Փոխանակ ամբողջ դիվանագիտական խողովակներով պայքարեն ագրեսիայի դատապարտման համար, իրենց այդ հայտարարություններով փորձում են լեգիտիմացնել Ադրբեջանի ագրեսիան»,- նշեց ադրբեջանագետը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով վտանգում է Արցախի հետագա հնարավոր բանակցային գործընթացը և այդ ընթացքում Հայաստանի և Արցախի դիրքերը:
«Դեօկուպացիայի մասին խոսվել է նախորդ կառավարության ժամանակ, երբ ԱԳ նախարարն էր Արա Այվազյանը, և վարչապետը կրկին Նիկոլ Փաշինյանն է, և նա տեղյակ է, թե ինչի մասին է խոսվում: Հիմա այս հարցի մասին ոչ ոք չի խոսում, և Նիկոլ Փաշինյանն էլ ժողովրդավարության գագաթնաժողովում ոչ մի բառ չի խոսել Արցախի և ադրբեջանական ագրեսիայի մասին: Այսինքն՝ անգամ միջազգային հարթակներում լռեցնում են այդ խնդիրը և դրանից հետո գալիս են և սկսում ապացուցել, թե ինչի է Ադրբեջանն ագրեսիայի գնացել, և փորձում հարցականի տակ դնել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը: Ոչ ոք չի ասում, որ ԼՂԻՄ-ում նախկինում ադրբեջանցիներ չեն ապրել, բայց այդ նույն տրամաբանությամբ Նախիջևանում հայեր են ապրել»,- հայտարարեց Հայրապետյանը:
Ալիևի խոսքերով՝ հակամարտությունն ավարտված է, և որ ԼՂ կարգավիճակի շուրջ «քննարկումներին վերադարձ չի լինելու»։ Այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվում: Արդյո՞ք սա կարելի է դիտարկել որպես նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին:
Հարցադրմանն անդրադառնալով՝ Տաթևիկ Հայրապետյանը հայտարարեց.
«Դա նախապայմաններից մեկն է… Թուրքիան բարձր պաշտոնյաների մակարդակով հայտարարել է, որ իր բոլոր գործողությունները համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ ողջունում է հայ-թուրքական այդ գործընթացը, և այդ պայմաններում ակնհայտ է՝ Թուրքիան ինչ նախապայմաններ է առաջ քաշել, և Հայաստանն իր համար շատ վտանգավոր մեկնարկային դիրքերից մտնում է այդ գործընթացի մեջ: Ավելին ասեմ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ցանկանում են առանց միջնորդների շփվել Հայաստանի հետ, այսինքն՝ ռուսական կողմին ուզում են խաղից դուրս թողնել և ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք չեմ բացառում, որ կարող են ունենալ հակառուսական բնույթ:
Սա շատ վտանգավոր խաղ է, և հայկական կողմը այդ խաղի մեջ մտել է առանց հաշվարկների, առանց ռազմավարության և անում է գործողություններ, որոնք հարվածում են պետության շահին»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
Անահիտ Չալիկյան